

Գյուղատնտեսական ապրանքների մթերողներից եւ ոչ մեկը երբեք իրեն թույլ չի տա զբաղվել գյուղապրանքների արտադրությամբ: Որոշ գյուղատնտեսներ համոզված են, որ դրա պատճառը մեկն է՝ տարիներ շարունակ ձեւավորվել է մթերման մոնոպոլիա, որոնք դարձել են գին թելադրողներ եւ մշակողներից ապրանքը գնել են ինքնարժեքից էլ ցածր գնով:
Արմավիրի մարզի ֆերմերներից մեկը պատրաստ է իր հողը անհատույց տրամադրել որեւէ խոշոր մթերողի ու սպասել, թե ի՞նչ գին կսահմանի վերջինս՝ արտադրանքը ստանալուց հետո: Գյուղապրանքների իրացման հարցում ֆերմերը շատ լուրջ խնդիր է տեսնում, որն, ըստ նրա, ոլորտում տասնյակ տարիների սխալ քաղաքականության արդյունք է եղել, ինչը եւ շարունակվում է:
Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան հաստատ սխալ է՝ համոզված է արմավիրցի ֆերմեր Սամվել Մաթեւոսյանը: Նա կարծում է, որ այդ ամենը վերլուծելու եւ շտկելու համար անհրաժեշտ է մի առանձին պետական հատուկ մարմին: Մինչ այդ, առաջին սխալը պատահականություն չի համարում՝ նկատել է, որ խոշոր վերամշակողները երբեք գյուղմթերքի արտադրությամբ չեն զբաղվում: Անձամբ վերլուծել ու հասկացել է նաեւ, թե ինչու է այդպես.
«10 հեկտար՝ իմ հողը, տամ ու ոչ մի միջոց: Երբ որ ինքը ջրի փողը տա, սալյարկեն առնի, պարարտանյութը առնի, ամբողղջ գործողություններն անի, հետո վերջում ապրանքի գինը ինքը կորոշի, թե ինչքան է: Երբեք էդ «զավոդատերը» էլ ինքը չի մշակի: Ինքը կսպասի, որ Մաթեւոսյան Սամվելը մշակի, տա իրան, որովհետեւ ինքը ինքնարժեքից էլ էժան է վերցնում»,- ասում է Սամվել Մաթեւոսյանը։
Նա Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բնակիչ է: Գյուղատնտեսությամբ է զբաղվում արդեն բավականին երկար ժամանակ:
«Ես զրոյից (ոչ մի բան չեմ ունեցել) լուրջ տնտեսություն եմ ստեղծել: Ոչ մի պետական միջոցներ (աջակցություն) չեմ ստացել: Որ ասեմ, մի քիչ էլ կոպիտ կհնչի, նույնիսկ խանգարել են, բայց ես ուժ եմ գտել, իմ երկրի մեջ լուրջ տնտեսություն եմ ստեղծել: Տեղը եկած ժամանակ՝ բոլորին էլ հակառակ եմ գնացել, բայց ապացուցել եմ, որ սա է ճիշտը՝ իմ կողքի մարդկանց, ումը որ հնարավոր է օգնել եմ՝ ցույց տալով, որ գյուղատնտեսության մեջ կարելի է եկամուտ ունենալ՝ այս-այս ձեւով»,- ասում է Սամվելը:
Հպարտությամբ նա շեշտում է, որ ինքն ու իր նմանները երկիր են պահում՝ յուրաքանչյուրն իր չափով նպաստելով երկրի պարենային անվտանգության խնդրի լուծմանը: Այս ամենի հետ, սակայն, կարծում է, որ ինչ-որ տեղ մի սխալ բան կա, քանի որ, իր պնդմամբ, արտադրած գյուղմթերքի ինքնարժեքից ցածր են իրենք վաճառում արտադրանքը: Ֆերմերն ասում է, որ դրա պատճառն էլ իրեն հայտնի է՝ մթերման մոնոպոլիաներն են: Խոշոր մթերողները գյուղմթերքի արժեքը պայմանավորված իջեցնում են.
«Ինքնարժեքից էժան: Ես աշխատում, ստեղծում եմ, բայց իմ ստեղծած ապրանքն արժեք չունի: Մենք ապրանք ծախելու խնդիր ունենք, ոչ թե՝ արտադրելու: Մենք էլի կարող ենք արտադրել, բայց մենք խնդիր ունենք ծախելու»,- գյուղատնտեսը:


Ցավալի է, որ մեր գյուղատնտեսները, որոնք կռիվ են տալիս հողի հետ ու երկրի համար սնունդ արտադրում, նման խնդիր ունեն, որից էլ մեկ այլ խնդիր է բխում. բանկի հետ աշխատելու խնդիր ունեն՝ նկատում է ֆերմերը:
«Ես ի՞նչ իրավունք ունեմ բանկին դիմելու: Բանկը ինձ պետք է խնդրի, իր փողը չիմանա ինչ անի, որ ես վերցնեմ գործս ավելի մեծացնեմ, ոչ թե՝ իրան խնդրեմ ես: Խնդիրը դրա մեջ է: Խնդիրը եկել է շատ վաղուց՝ նախկին կառավարությունից. սխալ դիրքորուշում է եղել»,-ասում է Սամվելը:
Ինչո՞ւ պետք է գյուղատնտեսը բանկից ֆինանսներ ներգրավելու անհրաժեշտություն ունենար՝ այս հռետորական հարցադրմամբ որոշակի իրավիճակներ է ցավով արձանագրում ֆերմերը:
«Որ նայում եմ ինչ տարածքների ու ինչ չափերի հողեր են մշակում գյուղատնտեսների մի մասը… նրանք էնքան գումար պիտի ունենային, որ նույնիսկ էսօր բանկին գումար տային, ոչ թե բանկից նրանք խնդրեին ու բանկը նրանց չտար գումար: Սա շատ ցավալի է: Շատ»,- նշում է Մաթեւորսյանը:
Նա կարծում է, որ դրանք հարցեր են, որոնք պետք է պետական կառույցները լրջորեն քննարկեն ու լուծում գտնեն: Ասում է, թե որպես ֆերմեր, եթե օրինակ արտադրում է հազար տոննա գյուղմթերք՝ լոլիկ կամ այլ բանջարեղեն, ապա պատրաստ է դրանից 300 տոննան ինքնարժեքից ցածր գնով տալ երկրին, որ երկիրը սնվի, բայց 70 տոկոսը պետք է կարողանա առնվազն ինքնարժեքով վաճառել, որպեսզի հաջորդ տարի նույնպես կարողանա աշխատել՝ առանց բանկերին խնդրելու: Մեկ այլ օրինակ էլ ֆերմերը բերում է՝ գյուղաջակցության ծրագրերին անդրադառնալով: Ասում է, որ դեռ փետրվարին էր դիմել, որ Վրաստանից պարարտանյութ ստանա 5800 դրամով: Արտակարգ դրություն մտնելուց ընդամենն 20 օր անց այդ գինը բարձրացավ մինչեւ 7500 դրամ: 1800 դրամով մեկ պարկի գինն ավելանալը, ըստ նրա, լուրջ խնդիրներ է հարուցել իր համար:
«Կառավարության փողն էլ ու՞մն է պետք: Ինձ այդ փողը պե՞տք է»:
Ստացվում է, որ պետությունն այդ գումարը տալիս է ինձ, բայց ինչ-որ մեկն այն ինձանից գողանում է: Ֆերմերը կարծում է, որ հատուկ այդպիսի մի պետական մարմին պետք է լինի, որը եւ կվերլուծի ու նմանօրինակ խնդիրների ժամանակին լուծում կտա: