
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկում են վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները։ Այդ մասին հայտնում է վարչապետը՝ իր ֆեյսբուքի էջում։
ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյան վեթթինգի գործընթացում առավել կարևորում է ոչ թե այն, թե ով է լքելու համակարգը, այլ թե ով է համալրելու. այդ նպատակով դատական համակարգը գրավիչ է դարձվում լավ դատավորների համար: Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:
Վարչապետը նշեց՝ կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Նա նկատեց՝ շատերն ասում են, թե կառավարությունը վեթթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը:
«Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց նաև, որ աշխարհում եղել են վեթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ 10 արդարների էլ են դուրս մղել համակարգից:
Բադասյանն արձագանքեց. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, թե ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը»:
Բադասյանն ասաց ․
- Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյան չկարողանա փաստաթղթերով ապացուցել, որ 100 հազար դոլարը գերազանցող գույքի ձեռքբերումն օրինական է և ապօրինի ծագում չունի, ապա ստիպված կլինի իր ունեցվածքի նվազագույնը 75%-ը (մինչև 100%) վերադարձնել պետությանը (այդ թվում նաև արտերկրում ունեցած գույքը):
- Գույքն այլ անձանց անունով ձևակերպելու դեպքում՝ քրգործ կհարուցվի: Նոտարներն ու կադաստրի աշխատակիցներն առվել ուշադիր պետք է լինեն, որ փողերի լվացման ազդակներն արագ փոխանցվեն իրավապահներին:
- Գործընթացը լավագույն դեպքում կսկսվի 2021թ.-ից:
Մանրամասները՝ տեսանյութում
Խորհրդարանը ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։




