ԿարևորՀասարակություն

Փակ շուկայի խնդիրը մտահոգում է նաեւ ՄԻՊ- ին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Երևանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ՝ անընդունելի համարելով մայրաքաղաքի  հուշարձաններից մեկի փոփոխությունը եւ այս ապօրինության հանդեպ իրավասու մարմնի չարձագանքելը։

«Դեռևս տարվա սկզբին, մտահոգված լինելով այս հարցով, Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսեց փակ շուկային վերաբերող խնդրի ուսումնասիրությունը:  Գրություններ ուղարկվեցին Երևանի քաղաքապետարան, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ նախարարություններից ստացված պատասխան գրություններում նշվում էր, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են: Երևանի քաղաքապետարանից հայտնել էին նաև, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Սակայն, մայիսի 7-ին Պարոնյան 4ա հասցեի բնակիչներից կրկին ահազանգ եղավ, որ փակ շուկայում շինարարությունը ավելի ակտիվանում է, կառուցվում է վերնահարկը:

Կոչ ենք անում պատկան մարմիններին ստուգել բնակիչների ահազանգը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու և մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ այսօր տարածած հայտարարության մեջ։

Back to top button