Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/05/070513KOALICIA.mp3
Մեր ընտրություններն ավելի ընկալելի են դառնում, այս կարծիքն է այսօր հայտնել ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին:
Նրա խոսքով` դա շատ ուրախալի է, քանի որ դրա մասին է փաստում այն հանգամանքը, որ երեք օրվա ընթացքում շուրջ 31 ընտրատեղամասում կատարվում է վերահաշվարկ:
Նա նկատել է, որ երրորդ ընտրությունները քաղաքային իշխանություններին էին վերաբերում, որոնք, ըստ էության, ստացան ձայների 60%-ը:
ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, Մինասյանի գնահատականներին համաձայն չէ։ Նա ընտրությունների վերաբերյալ այսօր կոշտ քննադատական գնահատականներով է հանդես եկել։
Ըստ վերջինիս` ավագանու ընտրություններն առանձնացել են նրանով, որ իշխանություններն օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները` համատարած վերահսկողությամբ ընտրությունները կեղծելու նպատակով:
Զուրաբյանի փոխանցմամբ` ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով իրենք դիմելու են Վարչական դատարան ու, թեպետ ակնկալիքներ չունեն, բայց դա անհրաժեշտ է, նրա ձեւակերպմամբ, հետագա լուրջ քաղաքական գործընթացների համար:
Զուրաբյանը նաեւ հայտնեց, որ ընտրատեղամասերում լուրջ համագործակցություն է եղել ՀԱԿ-ի, Դաշնակցության եւ ԲՀԿ-ի եւ միջեւ: Նա չպատասխանեց ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարցին: Միայն կրկնեց, որ ընտրատեղամասերում լուրջ համագործակցությամբ վերահսկողություն է եղել երեք ուժերի միջեւ, սակայն չեն կարողացել վերահսկել դրսում տեղի ունեցած պրոցեղները:
Հանրապետական պատգամավորը Գագիկ Մինասյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ կառավարության նոր անդամների նշանակման հարցին:
«Կարծում եմ, որ նոր նշանակումներով կունենանք նոր թիմ, որը կկարողանա փոփոխություններ իրականացնել»,- ասել է պատգամավորը։
Գագիկ Մինասյանի ձեւակերպմամբ` այն մարդիկ, ովքեր եկել են քաղաքականություն, պետք է հասկանան, որ միայն նոր դեմքերով չէ, որ հնարավոր է իրականացնել փոփոխություններ: Փոփոխություններ իրականացնելը պետք է լինի համահունչ ժամանակի հետ:
Փոփոխություններ, որոնք մեծապես պայմանավորված են նախորդ կառավարության գործունեությամբ եւ, Գագիկ Մինասյանի ձեւակերպմամբ, դրանց շատ սպասելու կարիք չի լինի։
Արձագանքելով հարցին, թե ինչ ռեսուրսներով են իրականացվելու այդ փոփոխությունները` Գագիկ Մինասյանը շեշտեց, որ առնվազն վերջին երկու տարիներին դրանք ակնհայտ էին` պետական բյուջեի գերակատարում, նաեւ` այն բոլոր ցուցանիշների գերակատարում, որոնք դրված էին այդ բյուջեում:
«Իսկապես մենք ունենք հաջող գնաճի սցենար»,-վստահեցրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Հանրապետական պատգամավորը շեշտեց, որ իրենք շատ ավելի բարձր նշաձող ունեն, որի մասին խոսել է նաեւ հանրապետության նախագահը. պետք է աճի երկրի տնտեսական ցուցանիշը:
Կարծում եմ, որ նոր բարեփոխումների նոր թափը նոր աշխատանք է պահանջում, որը կիրականցնեն պաշտոնը զբաղեցրած նոր նախարարներ, ասաց Գագիկ Մինասյանը։