ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շուրջ երկամսյա ընդմիջումից հետո շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Դատական նիստին քննվելու են խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, որոնք ընդհանուր թվով 3-ն են։ Դրանք են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնել, գրավի կիրառում, կամ անձնական երաշխավորություն։

Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նախկին վարչապետերը ներկա են դատական նիստին։ 

Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Back to top button