ԿարևորՀասարակություն

Գյումրիում քանի ընտանիք է օգտվել «Սոցիալական շտապօգնությունից»

Սոցիալական պատասխանատվության լավագույն դրսևորումներից մեկը՝ ծանոթ, թե անծանոթ, միմյանց մասին հոգ տանելն է։

Գյումրեցի կամավորների նախաձեռնած «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի նպատակը համավարակի հետևանքով հանապազօրյա հացի կարիք ունեցողներին սպառողական զամբյուղով ապահովելն էր։ Օժանդակություն է ստացել 1000 ընտանիք։

Ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան կարիքը զգացվի։  

Ովքեր հնարավորություն չունեին օգտվելու արտակարգ դրության ընթացքում կառավարության օժանդակության միջոցառումներից, բայց ունեին հանապազօրյա հացի խնդիր՝ գյումրեցի երիտասարդները կամավոր լծվեցին այդ խնդիրը մեղմելու գործին, նախաձեռնեցին՝ «Սոցիալական շտապօգնություն»-ը:

Նախաձեռնության անդամ՝ Կարեն Պետրոսյան. «Մի քանի օր առաջ ամփոփեցինք արդյունքները և 1000 –րդ ընտանիքը ստացավ պարենային ծանրոցը, ևս 100 ընտանիք սատցավ երկրորդ անգամ: Մենք 3 դասակարգում ունենք, միանվագ, 15 օրը մեկ հաճախականությամբ և ամիսը 1 հաճախականությամբ: Մենք ի սկզբանե ցուցիչ սահմանել էինք եկամուտ կորցրած անձանց»:

Համավարակի պատճառով եկամուտ կորցրած և պարենային զամբյուղի կարիք ունեցող ընտանիքները նախ հաշվառվեցին shtapognutyun.am օնլայն հարթակում, չուշացան նաև օգնության ձեռք մեկնող անհատներն ու ընկերությունները:

«Առաջինն արձագանքեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, Շիրակի մարզպետարանը»,- ասում է Պերոսյանը:

Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պրոֆեսիոնալ օգնություն խնդրողներ են հանդիպել, գրանցվելով մի քանի անգամ, տարբեր ձևերով, սակայն մեծ թիվ են կազմել նաև այն դեպքերը, երբ քաղաքացիներն իրենց տանն առկա սնունդից են բերել նվիրատվության, գյուղաբնակներն էլ իրենց աճեցրած բերքից են բաժին հանել:

Օգնության ձեռք են մեկնել՝ ով, ինչով կարող է:

«Նույնիսկ գյուղերից են խնձոր, կաղամբ բերել: Մարդիկ իրենց ունեցածից բաժին են հանել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն իրապես ունեն»,- պատմում է նախաձեռնության անդամ՝ Կարեն Պետրոսյանը:

«Սա սոցիակլական պատասխանատվության լավագույն դրսևորումներից մեկն է»,- ասում է Կարեն Պետրոսյանը:

«Սոցիալական շտապօգնություն»-ն իր առաքելությունը կկատարի այնքան ժամանակ, ինչքան կարիքը լինի: Այս ընթացքում նախաձեռնության հեղինակները ստացել են 3000 դիմում, հավաքել, դասակարգել են սոցիալապես անապահով ընտանիքների տվյալներն ու կարիքի գնահատում իրականացրել:

Արտակարգ դրության ու ծրագրի ավարտից հետո նախաձեռնության անդամները պատրաստակամ են իրեն հավաքած բազան ու կայքէջը տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կիրականացնեն սոցիալական աջակցության ծրագրեր:

Back to top button