Տնտեսությունն աշխատում է, մանկապարտեզները՝ ոչ. ի՞նչ են անելու աշխատող մայրերը
Երեկվանից տնտեսության մի շարք ոլորտներում սահմանափակումները վերացվել են, սակայն նախադպրոցական կրթական հաստատությունները շարունակում են, փակ մնալ։ Ինչպե՞ս են այս պայմաններում աշխատելու այն ծնողները, որոնք ունեն մանկահասակ երեխաներ։
Երբ հայտարարվեց արտակարգ դրությունը, շատերն անցան հեռավար աշխատանքի, ոմանք էլ որոշ ժամանակով նստեցին տանը։ Զրուցակիցս՝ Մոնիկա Գրիգորյանը, այս ընթացքում դարձավ տնային տնտեսուհի և սկսեց մեծ աղջկա հետ միասին մտածել փոքրիկ նախաձեռնությունների մասին։
Մինչ գցում-բռնում էին, թե ինչպես աղջկա նկարչական հմտությունները վերածեն գումարի, հարևաններից ստացավ առաջարկ՝ խնամել իրենց մանկապարտեզի տարիքի երեխաներին։ Սկզբում վարանել է։ « Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծացավ՝ արդեն մոռացել էր երեխա պահելու հմտությունները։ Չի մերժել, այժմ պահում է երկու քույրիկների։ Մեզ տանը չընդունեց, փոքրիկ կա տանն, ասում է։
«Ես տնտեսական խանութում էի աշխատում, նստեցի տանը։ Բազմանդամ ընտանիք էինք ու հիմա պահում եմ երկու երեխաներին։ Երեխաների հետ հաճելի է։ Ամբողջ օրը խաղում ենք, մուլտեր նայում, նկարում, փորձում ենք մանկապարտեզի ռեժիմին մոտ ռեժիմ ապահովել։ Հարմարվում եմ ծնողների գրաֆիկին»,- պատմում է Մոնիկան։
Արդեն ամբողջ ընտանիքով են լծվել աշխատանքին ու խնամում 5 աղջիկների։
Սակայն ոչ բոլորին է հաջողվում գտնել, այսպես ասած, վստահելի մարդու։ Լրագրող գործընկերս՝ Սյուզի Բադոյանը, երկուսուկես ամիս աշխատում է հեռավար՝ տնից։ Ունի 2.5 տարեկան տղա։ Անգամ սահմանափակումների մեղմացումից հետո չի կարողանում վերադառնալ բնականոն աշխատանքի, մանկապարտեզները չեն գործում, դայակ վարձելն էլ խնդիր է, ասում է։
Նախ պետք է գտնել հոգատար մեկին, իսկ գտնելուց հետո էլ նրանք իրենց պահանջներն են առաջադրում։ Արդյունքում` ծառայությունից դառնում է բավականին թանկ։ Գործատուի հետ համաձայնության են եկել, սակայն այսպես երկար շարունակվել չի կարող, ասում է։
« Գործատուն պարտավոր չէ իմ ֆինանսական խնդիրները, պանդեմիայով պայմանավորված, ինքնուրույն լուծել։ Իմ խեղճ գործատուի հետ լուռ համաձայնության մեջ աշխատում ենք։ Եվ ես ինձ շատ վատ եմ զգում։ Ստացվել է, որ ես երեխա ունեմ, ուրեմն արտոնյալ եմ, որովհետև բոլորը վերադարձել են աշխատանքի։ Իսկ տնից աշխատելը 100 տոկոսանոց արդյունավետություն չունի, հետևաբար իմ գործատուն մի օր կարող է կանգնել ու ասել, որ կրճատում է աշխատավարձս։ Հիմա ես և իմ նման շատ մայրեր անլուծելի իրավիճակում ենք, իսկ սոցապ նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում»,- ասում է Բադոյանը։
ԱԺ–ն ապրիլի 29–ին ընդունել է աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծով երկու փոփոխություն վերաբերում է աշխատող մայրերի իրավունքներին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը.
«Երբ մինչև 12 տարեկան երեխային խնամելու նպատակով ծնողը, պայմանավորված այս իրավիճակով, չի կարողանում ներկայանալ աշխատանքի, գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող լուծել պայմանագիրը»,- նշում է Սարգսյանը։
Նման պայմաններում աշխատող ծնողների համար վճարման մասով կարգավորումներ ևս կան։ Եթե մայրը երեխային խնամելու նպատակով մինչև 2 ժամ աշխատանքից ուշանում է, դրա համար գործատուն պետք է վարձատրի ամբողջությամբ։ Եթե աշխատանքի չի ներկայանում կամ նշած ժամից երկար է բացակայել, ապա այս դեպքում գործատուն վճարում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին համապատասխան։
Այնուամենայնիվ, եթե լինեն դեպքեր, երբ գործատուները կլուծեն պայմանագրերը, ապա այս դեպքում աշխատողները կարող են դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Նոր փոփոխություններով` այս կառույցին է վերապահված վերահսկողությունը։
Տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ օրենքն ուժի մեջ մտնելուց եւ որոշ իրավական ակտեր անհրաժեշտ փոփոխության ենթարկելուց հետո արտակարգ դրության հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային օրենսդրության նկատմամբ կիրականացնեն ամբողջական վերահսկողություն։ Այդ ժամանակ արդեն կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ, այդ թվում՝ պատասխանատվության։