
Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով առաջարկվող միջոցառումներին մասնակցելու համար քաղաքացիները հաճախ դիմում են այլոց օգնությանը՝ չիմանալով դիմումը լրացնելու ձևը կամ չունենալով կապի միջոցներ:
Մուտքագրված դիմումները երբեմն մերժվում են, իսկ թեժ գծից չեն կարողանում ստանալ պատասխան, քանի որ հեռախոսահամարներին չեն պատասխանում: Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից՝ աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով:
Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակիչներին սոցիալական աջակցության միջոցառումներում ընդգրկելու նպատակով իրենց ծառայությունն են առաջարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցող հասարակական կառույցները:
Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունում սոցիալական աջակցության դիմումատուներին օգնում է իրավաբան Վարսենիկ Նազարյանը.

«Մեզ դիմում են 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ծրագրերի շահառուները: Ես ուղղորդում եմ, թե ինչպես լրացնեն դիմումը, եթե չեն կարողանում լրացնել, ես՝ ինքս եմ վերցնում տվյալներն ու լրացնում միջոցառման մեջ»:
Վերջերս պարզեցվել է 9-րդ միջոցառման գրանցման ձևը, մինչև այդ բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել ծնողների և երեխաների տվյալները մուտքագրելու համար: Դիմումները հաճախ չեն մուտքագրվել կամ մերժվել են.
«Մերժվում են և՛ անհիմն, և՛ հիմնավոր, այսինքն՝ երբ ընտանիքը լինում է նպաստառու՝ էդ պարագայում մերժվում է: Գրում են, որ պետռեգիստրում տվյալները չկա, բայց իրականում կան տվյալները, կամ մեկ երեխայի տվյալները գրանցում են, ընդունում են, իսկ մյուսինը՝ ոչ»:
Էդգար Հարությունյանն ու Սեդա Սահակյանը 2 երեխա ունեն, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառու են, իրավախորհրդատուի օգնությամբ դիմում էին ներկայացրել, սակայն ծրագրով աջակցություն է ցուցաբերվել միայն մեկ երեխային.

«Երկու երեխայինը նշել ենք, բայց մեկինը չի ստացվել, հետո առանձին ենք փորձել, էլի չի ստացվել: Երեխաները՝ մեկը 11 տարեկան է, մեկը՝ 9-ը»:
Տեղեկանալով լրացման ձևի մասին մի քանի օր անց ինքնուրույն են լրացրել, բայց համակարգը չի ճանաչել ծննդյան վկայական ունեցող երեխայի տվյալները. «Գրում է պետռեգիստրում չկա, մի 10-15 անգամ փորձեցինք, էլի նույն բանն է բերում»:
Դեպքերը քիչ չեն, իրավախորհրդատու Վարսիկ Նազարյանն ասում է, որ երբեմն մերժված դիմումները մի քանի օր անց կրկին մուտքագրել են ու գրանցվել:
«Կարելի է կապել տեխնիկական խնդիրների հետ, տվյալներն անընդհատ թարմացվում են, կարող ա էդ պահին երեխայի տվյալը չկա, սակայն որոշ ժամանակ անց՝ լինի: Ի դեպ, այդպիսի մի դեպք ես ունեցել եմ 7-րդ միջոցառման ժամանակ: Հղի կին էր, ինքը համապատասխանում էր էդ միջոցառմանը՝ իր բոլոր տվյալներով: Ես մուտքագրում էի տվյալները, գրում էր՝ ծրագրի շահառու չի հանդիսանում: Անցավ որոշակի ժամանակահատված մուտքագրեցի տվյալները, տվեց և՛ անուն-ազգանունը, և՛ բանկը, և՛ գումարը, գնաց շահառուն, ստացավ իր գումարը»:

Անի Այվազյանի ընտանիքը համատեղությամբ ապրում է ամուսնու եղբոր ընտանիքի ու ամուսնու ծնողների հետ: Երկու սենյականոց բնակարանում ապրում են 11 շնչով, որից 5-ը՝ մանկահասակ երեխաներ: Իր ընտանիքը նպաստառու չէ, ապրիլի 16-ին դիմել է 9-րդ միջոցառմանը, գրանցվել, բայց պատասխան չի ստացել: Անին ենթադրել է, որ ծրագրում բանկի անունը փոխելով որևէ պատասխան կստանա սոցիալական աջակցությունից օգտվելու վերաբերյալ և 2-րդ դիմումն է մուտքագրել, պատասխանել են՝ տվյալները ստուգման փուլում են մեկ այլ դիմումով: Ասում է, որ 114 թեժ գծին շատ է զանգել, բայց միշտ նույն պատասխանն է լսել՝ բոլոր գծերը զբաղված են:
Դիմումներ չեն մուտքագրվել նաև երեխաների և ծնողների նույն հասցեում հաշվառված չլինելու պատճառով: Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Մատինյանը նշում է, որ ծրագրում չընդրգրկված շահառուների տվյալների և ծրագրում տեղ գտած թերությունների մասին գրավոր տեղեկացնելու են սոցապ նախարարին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմա պարզեցրել է դիմումների ընդունման կարգը: 9-րդ միջոցառման մեջ չի պահանջվում սոցիալական քարտի համարը, երեխաների և ծնողների ծննդյան օրն, ամիսն ու տարեթիվը, ծնողի և երեխայի նույն հասցեում բնակվելու պահանջն ու մինչև 18 տարեկան երեխայի և ծնողի մշտապես հայաստանում բնակվելու պահանջը:




