Ղեկավարվող սխեմաներ, միլիոնավոր դոլարների թաքցված շրջանառություն․ գլխավոր դատախազ


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարան է եկել՝ ներկայացնելու Դատախազության 2019–ի գործունեության մասին հաշվետվությունը։ Փաստաթուղթը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչից հետո կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Հաշվի առնելով վերջին օրերի քրեաիրավական զարգացումները՝ Գլխավոր դատախազի այցն առավել քան սպասված է եղել խորհրդարանում։ Հանձնաժողովի նիստից առաջ Արթուր Դավթյանը խոսել է քննվող որոշ գործերի մասին, որոնք բնույթով ու ծավալներով աննախադեպ են։
Հանրապետությունում վերջին օրերին «քաոսային» իրավիճակ կամ այդպիսի պատրանք ստեղծելու փորձերը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կապում է կոնկրետ գործերի հետ։ Առայժմ դա անում է դիտարկման տեսքով․
«Պատասխանատվության շունչն ավելի մոտ զգալով՝ ցանկացածն էլ պաշտպանական ինչ –որ միջոցներ «ձեռնարկում» է։ Եվ ձեզ մոտ այդպիսի տպավորություն ստեղծած իրադարձությունները կարող են լինել այդպիսի «պաշտպանական» պրոցեսների արդյունք»։
Նման ենթադրություն ավելի վաղ այսօր խորհրդարանում արել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իր ենթադրությունը նա կապել է կոնկրետ օրենքի հետ, որը խորհրդարանը վերջերս է ընդունել։


«Փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ կարող է խնդիր առաջանալ հանրային անվտանգության առումով և տպավորություն ստեղծել, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած քաղաքացու նկատմամբ կամ պաշտոնյայի հետ, ով հնչեցնում է այնպիսի տեսակետ, որը չի համընկնում կոնկրետ խմբի տեսակետին։ Սա իմ անձնական տեսակետն է․ վերջին օրերի իրադարձությունները անմիջականորեն կապված են ԱԺ կողմից վերջերս ընդունված օրենքի հետ՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ ։ Այն մարդիկ են կանգնած այս ամենի հետևում, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել։ Անուններ ես չեմ կարող հնչեցնել, դա կոնկրետ մարմինների պարտականությունն է, եթե նրանք արդեն ունեն տվյալներ կամ երբ ունենան այդ տվյալները»,- ասաց Մակունցը։
Ունեցած տվյալների մասին արդեն խոսում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․ խոսքը ոչ թե աղմկահարույց բացահայտումների, այլ՝ նախաքննական տարբեր մարմինների վարույթներում գտնվող մի քանի գործերի մասին է։ Գործընթացը նա աննախադեպ է գնահատում՝ մեկ, երկու կենտրոնից ղեկավարվող, լավ մտածված սխեմաներ, հարյուր միլիոնավոր դոլարների թաքցված շրջանառություն։ Արթուր Դավթյանը խոստովանում է՝ Հայաստանում նման ծավալի քրեական գործեր չեն քննվել կամ ինքն այդ մասին տեղյակ չէ։
«10–15 տարի տևական ժամանակ թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ։ Այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով տարբեր սուբյեկտների կողմից։ Ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, կատարվել է փաստական տվյալների վերլուծություն, որը վկայում է, որ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1–2 կենտրոնից, որովհետև սխեման այնպիսին է, նախնական եմ այս ամենը ասում, որ այդ գործունեության հատկապես արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով, չէր կարող իրականացվել։ Այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ երբևէ դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն՝ հենց իրենց քողարկված եղանակով պայմանավորված»,-ասաց դատախազը։


Այս գործերով քրեական հետապնդումները կսկսվեն այն փուլում, երբ կհավաքվի ամբողջ ապացուցողական բազան՝ նշում է գլխավոր դատախազը։ Նա անուններ չի հրապարակում, պարզապես չի հերքում այն տեղեկությունները, որոնք արդեն հրապարակվել են մամուլում։
Խոսքը ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին և Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանին առնչվող հրապարակումների և բացահայտումների մասին է։ Այն, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը ակտիվորեն հանդես գալիս սոցիալական ցանցերում, ըստ գլխավոր դատախազի, արտառոց չէ։ Ժամանակակից տեխնիկական միջոցները տալիս են այդ հնարավորությունը, որ համացանցում ակտիվ օգտատիրոջ գտնվելու վայրը պարզել հնարավոր չլինի։ Գլխավոր դատախազությունն այս պահին հստակ տեղեկություն ունի, որ Միքայել Մինասյանը Հայաստանում չէ։