Հանրային ռադիոն 87 տարեկան է
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթի ընթերցողներն իմացան, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը։ Օգոստոսի 27-ին նույն թերթը տեղեկացրեց.«Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավրատվել են։ Հինգ օր հետո կայանը կսկսի իր աշխատանքը»։ 1926 թվականի սեպտեմբերի մեկին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը։ Մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը։ Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորովում է նախ և առաջ որպես ռադիոյի օր, որը տոն է ոչ միայն Հանրային ռադիոյի այլև Հայաստանաում գործող բոլոր ռադիոկայանների համար։
Խոսում է Երևանը… Ահա արդեն 87 տարի եթերում հնչում են այս բառերը՝ աշխարհով մեկ սփռելով հայկական պետության ձայնը։ Միլիոնավոր հայեր երկրագնդի տարբեր ծայրերում հայկական ռադիոյի միջոցով են կապվում Մայր Հայաստանի հետ ու զգում Հայաստանի զարկերակը։ Խոսում է Երևանը. ասում ենք մենք և հայկական ռադիոյի կոչնակով ամեն օր ձեզ բարին ավետում։ Հանրային ռադիոն այսօր նշում է իր 87-րդ տարեդարձը։