Հասարակության շրջանում կորոնավիրուսի նկատմամբ զգոնությունը թուլացել է, փաստում են նաև բժիշկները։ Պացիենտների հետ զրույցներն են դրա ապացույցը։ Մեր ռեպորտաժի հերոսը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ Նաիրա Ստեփանյանն է, որն ընդունել է կորոնավարակով առաջին հիվանդին ու վարել նրա բուժման ընթացքը։ Նրա հորդորն ու խնդրանքը մեկն է՝ մնալ տանը՝ չվտանգելով մյուսներին։
Առաջնագծում անտեսանելի թշնամու դեմ իրենց պայքարն են մղում բժիշկները, բուժքույրերն ու բուժաշխատողները, որոնք շաբաթներ շարունակ չեն լքել, այսպես ասենք, իրենց դիրքերը և կռվում են ամեն պացիենտի կյանքի համար։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբան, բուժական բաժանմունքի պատասխանատու Նաիրա Ստեփանյանն է ընդունել կորոնավիրուսով առաջին վարակակրին ու վարել նրա բուժման ընթացքը։ Արդեն մեկ ամիս է անցել առաջին ախտորոշումից, սակայն բժշկուհին այսօրվա պես է հիշում զգացողությունները։
«Առաջին պահը տագնապային էր։ Երբ հաջորդ օրը ես աշխատակիցների հետ մտա բաժանմունք՝ հասկացանք, որ տագնապն անցավ։ Եվ արդեն հստակ կայուն քայլերով, նախապես մշակված արձագանքման պլանով հիվանդանոցն սկսեց աշխատել։ Իրականում թեթև ընթացքով դեպք էր և խնդիրներ չառաջացան տվյալ պացինետների հետ։ Սակայն հետագայում, երբ պացինետների թիվը շատացավ, մեր ծանրաբեռնվածությունը ևս ավելացավ։ 24 ժամը մինչև հիմա մեզ չի բավարարում աշխատելու համար»,- պատմում է բժշկուհին։
Այսօր պացինետների հետ աշխատելու բոլոր վախերը կոծկած ամեն մեկի հետ աշխատում են այնպես, ինչպես նախորդի։ Քանի որ դեռևս աշխարհում չկա կորոնավարկը բուժելու հստակ ուղեցույց, այստեղ կարևորագույնը պացիենտի հետ ճիշտ աշխատելն է։
«Պացիենտի հետ ճիշտ աշխատելու, ճիշտ ախտորոշում անելու անհրաժեշտությունն է։ Այստեղ բժշկին խանգարում են մնացած այլ հույզերը։ Այստեղ բժիշկը պետք է աշխատի և կատարի իր մասնագիտական ճիշտ գործողությունները»,-ասում է Ստեփանյանը։
Հոգեբանական ծանր վիճակում են կորոնավիրուսի ախտորոշումով պացինետները։ Նրանց հետ բացի վարակաբաններից աշխատում են նաև հոգեբանների և երբեմն հոգեբույժների խմբեր։
«Վախեր առաջանում են հիմնականում այն պացիենտների մոտ, որոնց հարազատները եղել են արդեն հաստատված։ Նրանք տագնապում են, որ եղե՞լ են վարակակիր, թե՞ ոչ։ Ի տարբերություն ամենասկզբի պացինետների, դա իսկապես լուրջ հոգեբանական վիճակներ է առաջացրել պացիենտների մեծ մասի մոտ։ Թիմով աշխատում են հոգեբաններ։ Երբեմն հոգեբույժի կարիք է առաջանում։ Եվ այդ հոգեբանները բավականին ծանրաբեռնված աշատում են բոլոր պացիենտների հետ»,- նշում է մեր զրուցակիցը։
Շատ պացինետներ էլ իրենց բուժման օրերն անցկացնում են վախի ու տագնապի մեջ՝ հատկապես, երբ սոցցանցերից ու մամուլից տեղեկանում են հիվանդության բարդությունների մասին։
Հայաստանում առաջին վարակակիրը հայտնաբերվեց մարտի մեկին։ Այդ օրվանից բժիշկների կյանքում շատ բան փոխվեց։ Մինչ կորոնավարակը ծանրաբեռնված օրեր շատ են ունեցել, սակայն գոնե հերթափոխով տուն են գնացել։ Կորոնավարակի առաջին դեպքից հետո՝ մարտի մեկից, տուն գնալը, երեխաներին գրկելը, սեփական անկողնում քնելն ու ժամանակին հաց ուտելը երազանք է։ Ամեն օր նոր պացինետներ են ընդունում, հիվանդանոցում շարժն ակտիվ է։ Մանկահասակ երկու երեխաների բժշկուհի մայրը կապը նրանց հետ սկզբում պահել է տեսազանգի միջոցով։ Սակայն այժմ զգացմունքները չի կարողանում նրանց տեսնելիս զսպել, անցել են հեռախոսազանգերով շփվելուն։
«Գիտեք, քանի որ փոքր բալիկներ ունեմ, չեմ կարող նրանց հետ չխոսել։ Նրանք ևս կարոտում են և նրանց վարքագծում է դա երևում։ Եթե մեկ օր չի ստացվում նրանց հետ խոսելը, հաջորդ օրը նրանց դժգոհություններն եմ լսում։ Դաս չսովորելու մեջ է երևում, փոքրիկս առաջին դասարան է։ Հիմա միայն հեռախոսազանգով ենք շփվում։ Մարտի երկուսից տուն չեմ գնացել, սակայն ընտրության հնարավորություն չկա»,- ասում է բժշկուհի Ստեփանյանը։
Հավատարիմ հիպոկրատի երդմանը, աշխատանքին ու պացիենտներին, հուզմունքը զսպելով Նաիրա Ստեփանյանը բոլորին հորդորում է մնալ տանը։
«Մի՛ կորցրեք զգոնությունը, որովհետև վարակը կա, վարակը շրջանառվում է։ Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ ինքը դա կտանի թեթև կամ ընդհանրապես չի վարակվի։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։ Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Իսկ դուրս գալու դեպքում կրել դիմակ և պահել սոցիալական հեռավորություն»,- խորհուրդ է տալիս բժշկուհին։
Թե երբ կգնա տուն, բժշկուհի Նաիրան դեռ չգիտի, սակայն մի բան հստակ է` մայիսի 11–ին՝ աղջկա ծննդյան օրը, թեկուզ հեռվից նրան կտեսնի ու կշնորհավորի։