Բաթումը՝ Եղեռնից փրկվածների ամենամոտ ապաստան


Վրաստանում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներն այս տարի տեղափոխվել են առցանց հարթակ։ Հայկական կազմակերպությունները Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվող ավանդական ցույցի փոխարեն հայկական պահանաջատիրությամբ են ողողել սոցիալական ցանցերը։ Վիրահայության առցանց արշավն անցնում է նաև «Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել վրաց ժողովրդի աչքի առաջ» գրառմամբ, որը նաև կոչ է Վրաստանին դատապարտել 20-դարի առաջին ցեղասպանությունը:
Այսօր Վրաստանի հայկական բոլոր եկեղեցիներում հնչեցին զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի, ամենուրեք դռնփակ կատարվեց մեծ Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսական կարգը:
Թբիլիսահայության մի զգալի մասը ցեղասպանության ժառանգ է։ Այստեղ նրանք պահպանել են այն տառապանքների մասին պատմությունները, որ լսել են թուրքական յաթաղանից փրկված ու երկրի տարբեր վայրերում ապաստանած իրենց նախնիներից։ Ցեղասպանության յուրաքանչյուր ժառանգ Արևմտյան Հայաստանից այստեղ առնվազն մի յուրահատուկ իր ունի ու սերնդե սերունդ փոխանցվող անջնջելի հիշողություններ։


Սուսաննա Խաչատուրյանը պատմում է՝ «Կռունկ, ուստի կու գաս…» երգը իրեն հիշեցնում է բոլոր այն պատմությունները, որ լսել է տատից։ Վերջինս, երբ ամեն անգամ ռադիոյով լսում էր երգը, հիշում էր «փախիփախի» ճանապարհը․
«Երգի մեղեդին տատիս տարավ իր հետ, տեղափոխեց իրենց երկիրը, արցունքներ գլորելով նրա աչքերից: Զարմացած հարցրի պատճառը, առավել ևս զարմացած, որ նա այդպիսի գորովանքով ունկնդրում էր երգը… Տատս հուզմունքը թաքցնելով ասաց, որ դա իրենց երգն է, որ փախեփախի ժամանակ շատերն են մահվանը կուլ գնացել այդ երգն իրենց շուրթերին ու բացեց իրենց գլխով անցած դաժան օրերի պատմության կծիկը… »։
«Մենք իրավունք չունենք մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ»,-հոր խոսքերն է փոխանցում Սաթենիկ Կաուկչյանըց՝ նշելով, որ հայրը միշտ կրկնում էր իր պահանջն է՝ «վրեժ». «Նա վրեժ էր ուզում․ ընտանիքը ցաքուցրիվ եղավ, ազգը տրոհվեց…»


Թբիլիսիում է ապրում Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Սերենգուլյանի թոռնուհին՝ Իզաբելա Սերենգուլյանը։ Վարդգես Սերենգուլյանի կինը ամուսնու վերջին նամակն աքսորի ճանապարհից ստանալով, այնուհետև համոզվելով, որ նրան սպանել են, գաղթում է Թիֆլիս։
1915-ի հունիսին ուղարկած նամակում Սերենգուլյանը կնոջը գրում է՝ «Սիրելիս, մեր վիճակը շատ հուսատու վիճակ չէ, և եթե պաշտպանող ձեռքը մը չլինի, դժվար թե անգամ մըն ալ ամուսինդ կարողանաս տեսնել»։ Նույն նամակում Սերենգուլյանը նաև տեղեկացնում է, որ կրկին դիմել է Թալեաթ փաշային, որովհետև վստահ է՝ միայն նա կարող է օգնել։ Սերենգուլյանի թոռնուհին՝ Իզաբելա Սերենգուլյանը պատմում է տատից լսած տեղեկությունները․
«Տատս ասում էր, որ իրենք այդ օրերին մեծ հույսեր ունեին, որ Թալեաթը կօգնի ամուսնուն. նա շատ մտերիմ էր պապիս ու Զոհրապի հետ․ Թալեաթը Պոլիսում իրենց տանը մի քանի անգամ հյուրընկալվել է, տատս քանի անգամ նրա համար սուրճ է պատրաստել»:
Թալեաթը, սակայն, Վարգես Սերենգուլյանի ու Գրիգոր Զորհապի ձերբակալման հրամանը նույն օրն էր տվել՝ նրանց ծանր տանջանքների ուղարկել Քոնյա, Ադանա, Հալեպ և Ուրֆա ճանապարհներով, որտեղից տունդարձ չէր լինելու։ Զոհրապը տիկին Իզաբելայի հոր՝ Հրանտի կնքահայրն էր, ընտանիքի բարեկամը։ Վարդգես Սերենգուլյանը աքսորի ճանապարհներից կնոջը խորհուրդ է տալիս «ըրած դիմումներուդ մասին ամեն մարդու մի խոսիր, և ոչ ալ ամեն մարդու բացատրե, տիկին Զոհրապին հետ կխորհիք և կընեք»։
Վրացական մամուլը հայերի Ցեղասպանության հարցը ուշադրություն կենտրոնում էր պահում դեռ նախապատերազմյան տարվանից: Հայերի տեղահանություն, աքսորի ճանապարհ, հատուկ ճամբարներ. վրացական թերթերն անդրադառնում էին փաստերին՝ վերլուծում տեղի ունեցածը: ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է, Թբիլիսիի արխիվներում հանդիպել է այդ տարիներին վրացական մամուլում տպագրված մի հետաքրքիր հաղորդագրության` «վրաց երեխան հարցնում է ծնողին, թե ինչու են հայերը ապրում Վրաստանում, իսկ ծնողը պատասխանում է, որ հայերի հայրենիքում պարտերազմ է… »։
«Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել վրաց ժողովրդի աչքի առաջ»,-ասում է նա, նկատի ունենալով, որ հայ գաղթականների մի ահռելի զանգված այդ տարիներին ապաստան էր գտնում Վրաստանում․
«Մինչև 1918 թվականը գաղթականների թիվն այս տարածքում այնքան շատ էր, որ համաճարակ էր սկսվել և անկախ Վրաստանի իշխանությունները ստիպված էին միջոցներ ձեռք առնել դրա դեմ»:


Աջարիա՝ Բաթումիի նավահանգիստ էին գալիս շոգենավերը, բերելով հարյուրավոր հայերի։ Բաթումին դարձել էր Եղեռնից փրկվածների ամենամոտ ապաստանը։ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու Արարատ քահանա Գումբալյանը ասում է նաև, որ 1916-ին տեղի քահանա Մեսրոպ Մալյանը կազմակերպում է դրամահավք և Տրապզոնի գյուղերից 60 հայ որբերի փրկում, հասցնում է Բաթումի:
«Հայերը տեղափոխվում էին Բաթումի, մնում ժամանակավոր տներում՝ հույսով, որ պիտի վերադառնան հայրենիք»,- ասում է Արարատ քահանա Գումբալյանը։
Վրաստանում Հայոց ցեղասպանության հարցը ճանաչելու մասին քննարկում պետական մակարդակով երբևէ տեղի չի ունեցել։ Վրաստանի խորհրդարանում ժամանակ առ ժամանակ որոշ պատգամավորների կողմից հնչող կոչը՝ մեկ րոպե լռությամբ հարգել եղեռնի զոհերի հիշատակը, մշտապես հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների կոշտ հակազդմանը։
Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում փորձում է ընդհանրացնել Վրաստանի դիրքորոշումը․
«Վրաստանը հաստատում է, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն. և իհարկե այս կարևոր պահին հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունն անհրաժեշտություն է, սակայն Վրաստանը չի կարող հարցականի տակ դնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»:
Քաղաքագետի խոսքով, Վրաստանն այսօր կիսում է հայ ժողովրդի ցավը, այնպես, ինչպես դա արեց ավելի քան 100 տարի առաջ` ընդունելով այդ իրադարձություններից փրկվածներին։