Թեստի դրական պատասխանը դատավճիռ չէ
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի օրդինատոր Աննա Հարությունյանը առաջիններից էր, որ կամավոր սկսեց աշխատել «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Աննան ընտանիքի անդամներին չի տեսել։ Ծնողներն ըմբռնումով են մոտեցել աղջկա ընտրությանը։
Իհարկե, սկզբում վախեցել են, բայց հետո հարմարվել իրականության հետ։ Աննան ասում է, որ կամավորի աշխատանքը թույլ է տալիս ձեռք բերել յուրահատուկ փորձ, գիտելիքներ, ճանաչել մարդկանց այլ տեսանկյունից։
«Կամավորությունը դա սեփական ժամանակի խելամիտ իրացման ձեւ է, երբ դու ընտրում ես բժշկի մասնագիտությունը, գիտակցում ես, որ մինչեւ սեփական նեղ մասնագիտությամբ զբաղվելը դեռ երկար ճանապարհ ունես անցնելու։ Սակայն դու մարդկանց ուզում ես ընտրել հենց այս պահին, հենց այստեղ ու ընտրում ես կամավորի աշխատանքը»,–ասում է զրուցակիցս։
Մարտի 1-ից, երբ Հայաստանում բացահայտվեց նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, բժիշկներն սկսեցին արտակարգ ռեժիմով աշխատել՝ օրական գրեթե 24 ժամ։ Նրանցից շատերը այս օրերին տուն չեն գնում, մեկուսացվել են ընտանիքներից, քանի որ չեն ցանկանում ռիսկի ենթարկել ընտանիքի անդամներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս իրենց երեխաներին չեն տեսել կամ տեսել են հեռակապով։ Բայց այն միտքը, որ իրենց աշխատանքի շնորհիվ շատ մարդիկ առողջացած ու կյանքին այլ գույներով նայելով են հեռանալու հիվանդանոցներից, նրանց ուժ է տալիս դիմագրավելու, պայքարելու ու հավատալու` վարակը հաղթահարելու են։
Զրուցակիցս մոտ տաս օր մնալով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, կամավորական աշխատանքը շարունակեց «Ռեժինե» հյուրանոցում։ Այստեղ այն անձինք են մեկուսացված, որոնք նմուշառում են անցել ու սպասում են պատասխանին։ Աննան ասում է, որ հենց այդ պացիենտների հետ պետք է ավելի շատ հոգեբանական աշխատանք տանել, քանի որ գտնվում են անհանգիստ, դյուրագրգիռ ու անհամբեր վիճակում։ Նկատում է, որ կանայք ավելի դիամակայուն են, խուճապի չեն մատնվում։ Բարդ հոգեբանական վիճակում գտնվողների հետ աշխատելիս արդեն հանդես ես գալիս որպես հոգեբան, ինչը բժիշկի մասնագիտության բաղկացուցիչ մասն է։ Եվ եթե աշխատանքը ճիշտ է տարվում, ապա պացիենտները վստահում են քեզ.
«Այն հիվանդները, որոնք սպասում են թեստի արդյունքներին, նրանց հետ աշխատանքը մեծ ուժ և համբերություն է պահանջում։ Իրենք սպասողակն ու գերլարաված վիճակում են։ Ամեն զրույցում ես փորձում եմ բացատրել թե դրական, թե բացասական պատասխանի ոչ այդքան ցավալի լինելը։ Մարդ կա, որ դրական պատասխանը շատ ցավոտ է ընդունում, սակայն երբ դու զրուցում ես ու քայլեր ես առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հավատացեք, արդեն մեծ ուժով ու եռանդով իրենք են ուզում պայքարել։ Ճիշտ քայլերի հաջորդականությամբ պետք է գնալ, որ երկրում այս իրավիճակն օր առաջ ավարտվի»։
Ապագա բժշկուհու աշխատանքը սկսվում է վաղ առավոտից՝ ճնշում չափումից մինչև փաստաթղթային ձևակերպումներ, սակայն ամենաբարդ պահը թերև այն ժամանակ է, երբ պացինետներն արդեն ստանում են թեստի արդյունքները։
«Մինչև թեստի արդյունքներն ստանալը ես իրենց պատրաստում եմ, որ դրական պատասխանը դատավճիռ չէ։ Այդ պահին քեզանից մեծ համբերություն և ուժ է պահանջվում, դու պետք է այնպիսի մոտեցում ցուցաբերես, որ պացիենտը հավատա քեզ»,- ասում է։