
ԱԺ անցած լիագումար նիստի ընթացքում ընդունվել են հանրային հնչեղություն ունեցող մի շարք հարցեր, որոնցից կարևորագույնը խորհրդարանականները համարում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին արդեն ընդունված օրենքը: Սա հեղափոխության տված խոստումներից մեկն են համարում: Այսօրվա ճեպազրույցները, սակայն, առնչվել են հանրային հնչեղություն ունեցող մի շարք այլ հարցերի հետ՝ հատկապես, երբ խորհրդարանական մեծամասնությունը որևէ հստակեցումներ այս փուլում չունի, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ում վրա է ատարծվելու, երբ, ինչ մարմինների օգնությամբ:
Պատգամավորներն այսօր ավելի շատ խոսել են վարչապետի երեկվա հայտարարությունների մասին: Արդյո՞ք եկել է «թավիշից» հրաժարվելու ժամանակը և ինչ նոր զարգացումներ կարող են լինել:
Այն, ինչ տեղի է ունեցել վարչապետի ուղերձի ժամանակ առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է, հետո նոր կարելի է դիտարկել ոչ պրոֆեսիոնալիզմի կամ «սաբոտաժի» հարցը: Խորհրդարանական մեծամասնությունը սպասում է, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենը կունենա հետևանքներ: Չեն բացառում՝ իրավասու անձանց կհրավիրեն խմբակցություն՝ խնդիրը քննարկելու համար:
Իսկ թե ում էին ուղղված վարչապետի երեկվա կոշտ «մեսիջները», Լիլիթ Մակունցը հստակեցնում է.

«Այն ընթացքում, որ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն, որ կարող էր լինել լրջագույն խնդիր զուտ անվտանգության տեսանկյունից: Վարչապետի ասածը վերաբերում է հենց այն անձանց, որոնք այս ընթացքում չեն օգտագործել այս ժամանակահատվածը և չեն փոխել, վերանայել իրենց մոտեցումները սեփական աշխատանքի նկատմամբ և պետությանը ծառայելու տեսանկյունից»:
Եթե կատարվածը դատապարտելու առումով խորհրդարանական խմբակցությունները միասնական են, ապա պատասխանատուներին գտնելու և պատժելու հարցում կարծիքները տարբերվում են:
«Բարգավաճ Հայաստան»- ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` կատարվածի համար պատասխանատվություն պետք է կրեն նաև վարչապետի աշխատակազմն ու մամուլի քարտուղարը, իսկ «Լուսավոր Հայաստան»- ից Էդմոն Մարուքյանը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանի «3-րդ էշելոնի պաշտոնյաներից» ազատվելու մասին խոսել է դեռ մեկ տարի առաջ:
Մարուքյանը հատուկ նշում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի անունները: Այն նախարարներն են, ում ԼՀԿ-ն անվստահություն է հայտնել, և այն պաշտոնյաներն են, որոնք նախկին իշխանության ժամանակ կրկին աշխատել են կառավարության կազմում: Ու չնայած սրան՝ «լուսավորականները» կրկին կոշտ քայլերի կողմնակից չեն:

«Նրանք, ովքեր կոչ են անում թավիշը դադարեցնել և բիրտ միջոցներ կիրառել, նրանք վարչապետի և գործող իշխանության թշնամիներն են, նրանք իշխանությանը տանում են կործանման: Նրանց այդ հայտարարությունները միտված են, որ իշխանությունը օրենքից շեղվի տարբեր իրավիճակներում և հանցագործություններ կատարի: Հաջորդ իսկ օրն այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ թավիշը դադարեցնեն, նրանք մեղադրելու են իշխանությանը հանցագործություն անելու մեջ: Հաջորդ իսկ օրը»,- նշեց Մարուքյանը։
Խորհրդարանական ընդդիմությունն այս փուլում գոհ չէ իշխանության ձեռնարկած քայլերից՝ կորոնավիրուսի պատճառով սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար: Սա այն դեպքում, երբ հաստատվել է աջակցության 14 ծրագիր:
Պնդում են, որ պետության մշակած ծրագրերը բարդ են, ինչի պատճառով շատ մարդիկ դուրս են մնում աջակցության ծրագրերից: ԼՀԿ-ում մատնանշում են միջազգային փորձը, երբ անհատույց օգնությունը տրվում է համախառն ներքին արդյունքի համամասնությամբ:
Սովորաբար այն տատանվում է տարբեր երկրների ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով: Այս հաշվարկի համաձայն «լուսավորականները» նշում են՝ օգնությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 0.84 տոկոսը, քանի որ դրա մի մասը կրկին վերադառնալու է պետությանը հարկերի տեսքով:
ԲՀԿ-ում շարունակում են խոսել հարկային արձակուրդների անհրաժեշտության մասին, օրավարձով աշխատողներին, տաքսիստներին և տարեցներին օգնության ծրագրերի մասին:
Անգամ խորհրդարանում շրջանառության մեջ են դրել նոր նախաձեռնություն:

Միքայել Մելքումյան. «Քիչ առաջ ես դրեցի շրջանառության մեջ մի օրենսդրական նախաձեռնություն, որը բոլոր տնտեսվարող սուբյեկտները սպասում են և վերաբերվելու է դրանց՝ մեծ մասամբ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Օրական հարկային պարտավորությունների չկատարման տույժերը 2 անգամ կիջնեն, դա կտարածվի այսօրվանից, եթե առաջիկա օրերին մեզ հաջողվի արտահերթ նիստ գումարել և ընդունել նախագիծը: Երկրորդը՝ դուք գիտեք, որ հարկային պարտավորություն չկատարելու համար Պետեկամուտների կոմիտեն իրավասու է արգելադրում դնի տվյալ տնտեսվարող սուբյեկտի գույքի հաշիվների վրա 500 հազար դրամից ավելիի դեպքում: Հիմա մենք դա 3 անգամ բարձրացնում ենք՝ 1.5 միլիոն: Ասեմ, որ այս թիվը փոքր և միջին ձեռնարկությունների տարեկան շրջանառության 70 տոկոսն է կազմում»:
Մելքումյանը վստահեցնում է՝ ներկայացվածը կառավարության, Պետեկամուտների կոմիտեի և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ քննարկումների արդյունք է: Կա փոխհամաձայնություն և առաջին 3 օրվա ընթացքում զարգացումները կերևան:




