ԿարևորՀասարակություն

1993-ի ապրիլյան այս օրը զոհվեց Շահեն Մեղրյանը

1993 թվականի  ապրիլի 17-ին զոհվեց Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, հայդուկապետ Շահեն Մեղրյանը: Ինքնաթիռը, որում գտնվում էր Շահեն Մեղրյանը իր 7 մարտական ընկերների հետ, խփվեց Գյուլիստան գյուղի մոտակայքում: Զոհվեցին նաև ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները։ Զոհվելուց 21 տարի անց Շահեն Մեղրյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ ավարտած երիտասարդը կարճ ժամանակում հաջողությունների էր հասել նաև հարազատ Գյուլիստան գյուղում: Սկզբում տնտեսագետ, հետո շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար, Շահումյանի շրջգործկոմի նախագահ…

88-ի ազատագրական շարժումը  փոխեց Շահեն Մեղրյանի կյանքի ճանահարհը: Այսօր  մենք  նրան հիշում ու պատվում ենք որպես  Ազատագրական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ: Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ:   Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանների  ինքնապաշտպանական  ուժերի հրամանատարն էր:

91-ի սեպտեմբերին նրա ջոկատի կազմակերպած գործողության արդյունքում ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: Ա յդ գործողությունն առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով  հակառակորդի գրաված տարածքներն ազատագրել։

Շահենն ուրիշ էր, տասնմեկ երեխաների մեջ տարբերվում էր իր տեսակով, գաղափարներով` ասում է Մեղրյանի եղբայրը՝ Պողոս Մեղրյանը:

1992 թվականի հունիսի 13-ին Շահումյանն անկում ապրեց: Ասում են, որ Շահումյանի անկումը թևաթափ արեց հայդուակապետին։ Շահումյանի անկման հիմնական պատճառը ո՞րն եք համարում, լրագրողի  հարցին Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատար Շահեն Մեղրյանը հետագայում պատասխանել էր։

«Ես կարծում եմ, որ դա ավելի շատ ռազմաքաղաքական պարտություն է։ Եվ ոչ Շահումյանի կամ ղարաբաղցիների, այլ Հայաստանի իշխանությունների քաղաքական հավկուրության արդյունքը»։

92-ի  հունիսի 13-ին Շահումյանի բռնի տեղահանումից հետո Հաթերքում Շահենն իր  շուրջ համաղմբած 25 տղաների հետ միասին  մտավ թշնամու թիկունք: Նրանց շնորհիվ ազատագրվեցին  Մարտակերտի մի շարք գյուղեր: 93-ի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը, գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները: Շահենը պատրաստվում էր Հայաստանից վերադառնալուց հետո ազատագրել հարազատ շրջանը:

Բայց, ավաղ․  1993 թվականի ապրիլյան այս օրը  Սերյոժա Մելքոնյանը երբեք չի մոռանա։ Կապավոր էր, հիշում է՝ ինչպես հրամանատարը կապ տվեց ու հայտնեց, որ Մեղրյանենց Երևան տանող ուղղաթիռը խփվել  է Եղնիկներում։ Ուղղաթիռում բոլորը զոհվել էին, այդ թվում՝ Շահենի 16-ամյա ազգակիցը՝ Հայկ Մեղրյանը։

 «Կարծեք կյանքը կանգ առավ այդ պահին»։

«Հայրիկը շատ լավ է զգում իրեն, միայն թե շատ է կարոտում ձեզ։ Շուտով կսկսենք աշխատել հայրենիքի ազատագրության ուղղությամբ։ Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում։ Լուսինե, Լիլիթ ջան, մամային լսեք, օգնեք Զինավորին։ Ապային և այային մի մոռացեք, շուտով կհանդիպենք»,- Արտատապից ուղարկած վերջին նամակում իր դուստրերին գրել էր Շահենը։

Նա հայրենիք բառը մեծատառով էր գրում, և դա ինքնանպատակ չէր։ Նրա ընտանիքը մինչև բռնագաղթը մնաց Շահումյանում՝ կրելով պատերազմի բոլոր դժվարությունները։ Զինավորը Շահե Մեղրյանի երեք զավակներից մեկն է։

«Ես միշտ փորձում եմ վերանալ այդ մտքից և ինքս ինձ որպես որդի չընկալել։ Փորձում եմ հորս մեջ տեսնել երկրի, ազգի  շահերի համար կյանքը դրած մարդու։ Ինձ այդպես ավելի հարմար է»։

Շահեն Մեղրյանին նվիրված բազմաթիվ երգեր են ստեղծել տարբեր հեղինակներ, ինչն իր հերոսի հանդեպ ժողովրդի սիրո ազնվագույն  դրսևորումներից մեկն է։  Անդրանիկին, Չաուշին, Արաբոյին, բազմաթիվ այլ հերոսներին  ձոնված երգերի շարքում Գուսան Հայկազունն իր երգն է նվիրել նաև Շահեն Մեղրյանին։ Ամեն պատերազմ իր հերոսներն է ծնում, ասում է Գուսանը, ամեն պատերազմ  նաև իր երգերն է ծնում։

Back to top button