
Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ-ի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 1107 ահազանգ:
Դրանցից 609-ը՝ կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498-ը՝ քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ:
Հոգեբանական աջակցություն մինչև այս պահը ցուցաբերվել է 411 քաղաքացու, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 5-ը կորոնավիրուսով են վարակվել։ Վարակի տարածման վտանգներն այս դեպքում ավելի մեծ են, քանի որ կա զորքի վերաբաշխման խնդիր:
Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ աշխատակիցներից երեքը բուժման փուլում են, իսկ երկուսն արդեն իսկ ապաքինվել են, վարակվածների հետ կոնտակտավորներին մեկուսացրել են, և, ընդհանուր առմամբ, 42 մեկուսացված կա»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ վարակվածների բուժման և մեկուսացվածների հարցերը լուծելուն զուգահեռ, այնպես են փորձում իրենց աշխատանքը կազմակերպել, որ ԱԻՆ–ը շարունակի նաև իր բնականոն աշխատանքը և սպասարկի մարդկանց։
Օրինակ ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար ծառայության: Հետևաբար հոգեբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգահարել 911 և անգամ տեսակապի միջոցով ստանալ հոգեբանական աջակցություն:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում ԱԻՆ-ը իրականացնում է վարակազերծման աշխատանքներ՝ հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, քանի որ երթուղային տրանսպորտի սահմանափակում կա:
Մինչ այս պահը կատարվել է 7376 վարակազերծման աշխատանք: ԱԻՆ տեղակալը նշեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները այս օրերին իրենց գործառույթից դուրս աշխատանքներ են իրականացնում, հաճախ ոչ պատշաճ հանգստի ռեժիմով, հետևաբար նրանք կպարգևատրվեն:
«Նախարարի հանձնարարությամբ՝ բոլոր այն աշխատակիցները, որոնք այս օրերին հանդես են եկել նախաձեռնողականությամբ, կատարել են իրենց գործառույթներից ավելին, որոնք երբեմն ծառայել են առանց հանգստի, պարգևատրվում են։ Արդեն կան պարգևատրվածներ` բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովության վարչության ծառայողներից։ Առաջիկայում ևս կլինեն պարգևատրումներ»,–ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով ԱԻՆ–ի տեխնիկական վերազինման աշխատանքներին` Հարությունյանը հայտնեց, որ արտակարգ դրության պայմաններում էլ ԱԻՆ–ը շարունակում է տեխնիկական վերազինման գործընթացը։ Այս օրերին USAID–ի հետ համագործակցության շրջանակներում ԱԻՆ–ը 300 նոր համակարգիչ և 175 վարակազերծման սարք է ստացել։




