Ինչ ճակատագիր է սպասվում Րաֆֆու 111 շենքի բնակիչներին
Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Րաֆֆու 111 շենքի բնակիչները ամենաշատն են սպասում կորոնավիրուսի նահանջին։ Շենքը 3-րդ կարգի վթարային է, բնակիչները չունեն սեփականության վկայական, իսկ կենցաղային պայմանները մեղմ ասած բարվոք չեն։
Մալաթիա-Սեբաստիա համայնքում ենք։ Գուսան Շերամի փողոցում գտնվող հայտնի լողավազանից մի քանի մետր հեռավորության վրա խաչմերուկ կա, որից սկսվող ասֆալտե ճանապարհը քեզ տեղափոխում է այլ իրականութուն։
Սկզբում երևում են առանձնատներ, ապա «Մարս» գործարանի հսկա կառույցը, որից հետո ճանապարհը նմանվում է անապատի։ Քեզ թվում, թե հայտնվել ես մի անմարդաբնակ վայրում, բայց հեռվում կիսախարխուլ շենք է նկատվում ու լվացքի պարաններ։ Հենց լվացքի պարաններն են վկայում, որ այնտեղ մարդիկ են ապրում, որովհետեւ կարող ես նաեւ մտածել, որ լքված, ավերակ շենք է։ Պարզվում է` այնտեղ ապրում է 39 ընտանիք։
Միայնակ թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։
Ռոբոտների գործարանի հրշեջ դեպոյի շենքում են ապրում, որը բնակելի է դարձել 1997-1998 թթ.։ Բայց այդ ժամանակ էլ ջուր, էլեկտրաէներգիա, կոյուղի չի եղել, ու բնակիչներն իրենց ուժերով որքան կարողացել պայմաններ են ստեղծել։ Այստեղ ապաստան են գտել նրանք, ովքեր ապրելու այլ տեղ չեն ունեցել:
Շենքի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Հայրենյանն այստեղ է եկել Սյունիքից։ Պատմում է շենքի վթարային վիճակի, խնդիրների մասին։ Անգամ հանրային տրանսպորտն այստեղ չի գալիս` ասում է։ Մինչեւ կանգառ պետք է 2 կմ քայլել։
«Շենքը վերակառուցման մեծ կարիք ունի, հատկապես տանիքային հատվածը, ջուրը մինչև առաջին հարկ կաթում է, կայունացում պետք է կատարվի»,- ասում է շենքի լիազորը։
Աստիճաններով բարձրանում ենք վերեւի` 4- րդ հարկ։ Մեծ զգուշություն է պետք, հատկապես, երբ միջանցքներն այնքան էլ լուսավոր չեն, իսկ գլխավերեւում հոսանքալարերի փունջն է։ Կիսամութ միջացքի վերջին բնակարանում միայնակ թոշակառու տիկին Դոնարան է ապրում։ Ամուսինն ու որդին զոհվել են արցախյան ազատամարտի տարիներին։
Տասնյակ տարիներ այս շենքի բնակիչները դիմել են պատկան մարմիններին, որպեսզի ինչ- որ կերպ օգնեն ամրացնելու շենքը, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան։
Հիմա այս բնակիչներն ամենաշատն են շահագրգռված, որպեսզի արտակարգ դրությունն օր առաջ ավարտվի, քանի որ սայլը, կարծես, տեղից մի փոքր շարժվել է։ Բնակիչների ցանկությունը բնակարանները մասնավորեցնելն է, մտավախություն ունեն, թե մի օր կարող են գալ ու իրենց շենքից հանել։
Սեյրան Հայրենյանը ցույց է տալիս Պետական գույքի կառավարման վարչության գրությունը։ Նշված շենքի բնակեցված տարածքները բնակիչներին նվիրելու համար անհրաժեշտ է շենքը ամրացնել, որի համար պետք է դիմել Քաղաքաշինության կոմիտե։
Կոմիտեն էլ կառավարությանն առաջարկել է շենքը ներառել ՀՀ 2020-201 թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին «Բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացում- վերականգնում ծրագրում», ինչպես նաև փոխել նրա նշանակությունը` դարձնելով բնակելի։
Այս շենքում, կարծես, ամենաշատն են սպասում կորոնավիրուսի նահանջին։