

«Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք» հարցն ամենաշատն է տրվում, ինչ մեր երկրում արտակարգ դրություն է։ Խորհուրդները բազմազան են՝ ըստ ճաշակի։ Իսկ ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Մեկին խորհուրդները շատ են դուր գալիս, մյուսին՝ հակառակը։ Շատերը, սակայն, դժվարություններ են ունենում ոչ թե գրքի ընտրության հարցում, այլ գտնելու՝ հատկապես էլեկտրոնային տարբերակով։ «Ռադիոլուրը» փորձել է օգնել իր ունկնդրին։
Պարզվում է` մեծահասակներն այնքան էլ հեռու չեն պլանշետից, հեռախոսից ու համակարգչից, որքան էլ որ մենք՝ երիտասարդներս, համոզված էինք մինչև արտակարգ դրությունը։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասում է, ամեն բան թվում է ավելի դժվար, քան իրականում կա։ Առաջին ու կարևոր խնդիրը, թերևս, տեխնիկայի վրա, որով պատրաստվում եք կարդալ, հայերեն ստեղնաշար ունենալն է։
Իսկ մնացածն արդեն մեկ անգամ իմանալու, ու հետո ամեն անգամ օգտագործելու հարց է։
Պետք է իմանալ, որ միասնական քարտարան ունեն Հայաստանի բոլոր պետական գրադարնները ու անգամ ոչ արտակարգ պայմաններում, իսկ արտակարգի ժամանակ առավել ևս, կարելի է պատվիրել գիրքն ու վերջ։ Շատ ժամանակ էլ չի անցնի, այն ձեր սեղանին կլինի։
Էլեկտրոնային գրադարանի ամենամեծ շտեմարաններից մեկը Հայաստանի ազգային գրադարանինն է։ Ի՞նչ անել՝ հասնելու համար ցանկալի գրքին, մանրամասնում է Արքմենիկը։
«Պարզապես պետք է հավաքել nla.am ու մտնել Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայք։ Հետո ընտրել շտեմարաններ բաժնից «Հայ գիրք» բաժինը, ապա աջ կողմում՝ պատուհանիկում, լրացնել «Կարդա՛լ առցանց» բառակապակցությունը, և ձեր առջև կգան հազարավոր գրքեր»,–ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Հազարավոր գրքեր կարելի է գտնել նաև, եթե հեռախոսում կամ պլանշետում լինի fbrider հավելվածը։ Այնտեղ հայատառ գտնել «Յավրուհրատ»–ը, որ ստեղծվել է Մարատ Յավրումյանի ջանքերով, ու կարդալ բազմաթիվ գրքեր։ Որոշ գրքեր սիմվոլիկ, 100-200 դրամով են վաճառվում, բայց էլի կարելի է գտնել։


Այստեղ ամեն ինչ կարգով–շարքով է, ասում է գրականագետն ու խոսում էլեկտրոնային գրքերի խնդիրների մասին. գրքերը շատ հաճախ էլեկտրոնային տարբերակով դրվում են հեղիանկային իրավունքի կոպիտ խախտումներով։
Ինչ–որ մեկի մտքով անցնում է գիրքը դարձնել PDF ֆորմատով ու «արջի ծառայություն մատուցել», իսկ դա քրեորեն հետապնդելի արարք է։ Ոչ միայն քրեորեն պատժելի է, այլև մեծ վնաս կարող է հասցնել Հայաստանի գրահրատարակիչներին։ Չի կարելի թարմ–թարմ գիրքն ունենալ էլեկտրոնային ու անվճար։
«Մեր ընթերցողը պետք է սովորի գնահատել մարդկանց աշխատանքը, հրատարակիչը կատարում է ծախսեր, բազմաթիվ թարգմանիչներ, խմբագիրներ, հեղինակներ են աշխատում այդ գրքերի վրա, իսկ ընթերցողն ուզում է դա անվճար ունենալ և կարդալ։ Կրթվելու համար պետք է վճարել»,- ասում է Արքմենիկը։
Կրթվելու համար վճարելը նոր եզրույթ չէ։ Միշտ է այպես եղել, ու կլինի, կարծում է գրականագետը։
Իսկ մարդիկ, չգիտես ինչու այս օրերին հիշեցին Ալբերտ Քամյուի «Ժանտախտը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերի», այսինքն՝ կապեցին բուն իրադարձության հետ։ Բայց ընթերցանության մեջ շատ կաևոր մի բան կա, ասում է՝ գրքերը պիտի տրամադրություն փոխող լինեն, ինչպես օրինակ հույն գրող Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան», որ մտածելու, ծիծաղելու առիթ է տալիս։
Ժամանակակից հայ գրողներին էլ մոռանալ պետք չէ։
«Նույն Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտը», Գուրգեն Խանջյանի բոլոր վեպերը, Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», Հովհաննես Երանյանի վեպերը, կարդալ նաև ժամանակակից հայ պոեզիա»,– խորհուրդ է տալիս գրականագետը։
Ասում են՝ մարդն իր կյանքում 100 գիրք պիտի կարդա, էլ ավելի խելացի լինելու համար։ Բայց որ գրքերն են դրանք, ոչ ոք չգիտի։ Արքմենիկն ասում է՝ արդեն 40 տարեկան է, ու իր կարդացած գրքերի թիվը 6000- ի է մոտենում, թե որոնք են այդ 100 ամենագրքերը դեռ չի գտել, բայց մի բան հաստատ կարող է խորհուրդ տալ։
Այս օրերին պետք է կարդալ հաստափոր, դժվար ընթերցվող գրքեր. ժամանակն այսքան շռայլ էլ գուցե չլինի։ Ո՞վ գիտի։