Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Արցախի Հանրապետությունում արդեն մեկնարկել է ԱՀ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը։ Առաջին փուլում առավելագույն քվե է ստացել երկու թեկնածու` Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։
Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացվել էին երկու համապետական նշանակության՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Արդեն ձևավորվել է յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովը: Նոր խորհրդարանն ունի 33 պատգամավոր. «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքը (16 մանդատ), «Միասնական հայրենիք» (9 մանդատ), Արցախի «Արդարություն» (3 մանդատ), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (3 մանդատ) և «Արցախի ժողովրդավարական» (2 մանդատ):
Նախագահական ընտրության արդյունքում թեկնածուներից և ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ձայների կեսից ավելին, ինչն էլ հիմք է հանդիսացել երկրորդ փուլի անցկացման:
Արդյունքում՝ առավելագույն ձայներ հավաքած նախագահի երկու թեկնածուներ Արայիկ Հարությունյանը (49.26%) և Մասիս Մայիլյանն (26.4%) անցել են երկրորդ փուլ:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի: Կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը Երևանում: