Հայաստանում ծայրահեղ աղքատությունը նվազել է 52 տոկոսով
Ծայրահեղ աղքատության վերացման եւ աղքատության նվազեցմանն ուղղված միջոցառումների արդյունքում 2019 թ-ին 2018-ի համեմատ Հայաստանում 52 տոկոսով կրճատվել է ծայրահեղ աղքատության ծավալը՝ 1,9 տոկոսից դառնալով 1 տոկոս։ Մոտ 10 տոկոսով էլ կրճատվել է աղքատության ցուցանիշը՝ 25,7-ից դառնալով 23,5 տոկոս։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Հանձնաժողովում այսօր քննարկել եւ ի գիտություն են ընդունել Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հաշվետու զեկույցը։
Ի՞նչ ծրագրեր են իրականացվել 2019-ին սոցիալական ապահովության նախարարության կողմից։ Դրանք բավականին ծավալուն ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։ Ի հավելում գործընկերոջ ներկայացրածների՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հատկապես աղքատության կրճատմանն ուղղված միջոցառումների արդյունքների մասին շեշտեց։ 52 տոկոսով ծայրահեղ աղքատության կրճատումը եւ 10 տոկոսով էլ աղքատության ցուցանիշի կրճատումը Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ թիմային աշխատանքի կարեւոր ցուցանիշերից է
«Սրանք եւս շատ խոսուն ցուցանիշներ են՝ իրականացված միջոցառումների եւ ծրագրերի։ Եվ վստահ եմ, որ նույն տեմպով նախարարությունը կշարունակի իր աշխատանքները»,- նշեց Զեյնալյանը։
Գործազրկությունը կրճատվել է, միաժամանակ ստվերից դուրս են բերվել աշխատատեղ։ Ո՞ր խոշոր ընկերություններն են թաքցրել աշխատատեղերը եւ որքա՞ն վնաս է այդպիսվ հասցվել պետությանը։ Այս հարցերով հետաքրքրվեց «Իմ քայլ»-ական պատգամավոր Սրգբուհի Գրիգորյանը։ Խնդիրը ՊԵԿ-ի դաշտում է՝ արձագանքեց Զարուհի Բաթոյանը։
Քննարկումներում անդրադարձ կատարվեց գիշերօթիկի երեխաներին ընտանիքներ վերադարձնելու արդյունավետության մասին։ Զարուհի Բաթոյանը վստահեցրեց, որ մշտադիտարկումներ են իրականացրել եւ պարզել, որ այն օգնությունները, որոնք տրամադրվում էին գիշերօթիկ դպրոցներում՝ երեխաները շարունակում են ստանալ իրենց տներում՝ սկսած սննդից, մինչեւ սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Նախարարը կարեւորեց համայնքի պատասխանատուների դերը։ Վստահեցրեց, որ հատկապես այն կարեւոր է մոնիթորինգի առումով, ինչը իրենք գնահատում են։ ԲՀԿ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց 2019-ին մանկատան սաների համար իրականացված բնակարանների գնման գործընթացով։
«Կցանկանայի, որ դրա հետ կապված ամբողջական պատկերը ներկայացնեք։ Այսինքն, 2019 թ-ի հունվարի 1-ին քանի՞ մանկատան սան ենք ունեցել, քանիսի՞ն են վկայագրեր տրվել, քանի՞սն են դուրս մնացել, եւ այդ ծրագիրը ինչպե՞ս պետք է շարունակել»,- ասաց Բագրատյանը։
Խոսքը այն 300 սաների մասին է, որոնք 2003 թվականից հետո են դուրս եկել մանկատնից՝ ասաց նախարար Բաթոյանը։ Հստակեցրեց նաեւ, որ բնակարանների գնման վկայագրեր ստացած 300 սաների մեջ ներառված են նաեւ 2019-ի շրջանավարտները։
«2019 թ-ին մենք մեկնարկել ենք ծրագիրը։ Այն շարունակում ենք, այսինքն՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման ժամկետը մինչեւ 2020 թ-ն է, բայց այս պահին արդեն տրամադրվել են գնման վկայականներ 133 մարդու։ Խոսքը՝ 3,4 մլն դրամ գումարի չափի մասին է եւ եթե, օրինակ, մարդը կարող է իր համար ցանկացած մարզում, քաղաքում բնակարան ձեռք բերել ավելի նվազ գնով, բնականաբար, այդ ամբողջ գումարը տրվում է իրեն»,- նշեց Բաթոյանը։
Նրա խոսքով՝ այստեղ խնդիր կա։ Բացահայտել եւ ցուցակագրել են մի խումբ անձանց, որոնք շատ ավելի շուտ են դուրս եկել մանկատնից, բայց այն ժամանակ չի եղել նրանց աջակցելու նման մեխանիզմ ու այսօր նրանք չունեն այդ իրավունքից օգտվելու հնարավորություն։ Վստահեցրեց՝ քննարկում են նաեւ այդ քաղաքացիներին հնարավորություն տալու հարցը, քանի որ նրանք սոցիալական տեսանկյունից որեւէ առավելություն չունեն այս պահին։ Հույս հայտնեց, որ այս տարի խնդիրը կլուծեն։ Ասաց, որ մեկ այլ խնդիր էլ կապված է նախկինում սոցիալական բնակարաններ ստացածների հետ։ Նրանց մեծ մասը չունեն սեփականության վկայականներ, իսկ որոշների դեպքում ժամկետները սպառվել են։ Այս տարի այդ խնդրի մասին նույնպես մտածում են՝ վստահեցրեց նախարար Բաթոյանը։
4800 ավանդատուների սոցիալական աջակցությունն ինչո՞ւ է համարվում այդպիսին, երբ մարդիկ իրենց ունեցած ավանդները պետք է ետ ստանան։ Հերթական հարցն էր նախարար Բաթոյանին։
«Ինչքանո՞վ է դա արտահայտում իրերի վիճակը։ Չէ՞ որ մարդիկ կարող են վիրավորվել՝ իրենց գումարը հետ եք տալիս ու ասում՝ սոցիալական աջակցություն ենք ցույց տալիս։ Այդ ձեւակերպումը՝ այդ եզրույցը ուզում եմ ճշգրտենք»։
Այստեղ փոխհատուցում չէ, ինչու՞, որովհետեւ պետության իրավահաջորդը լինելու հարց է՝ ասաց Զարուհի Բաթոյանը։
ՀՀ-ն ԽՍՀՄ-ի իրավահաջորդը չէ, հետեւաբար դա տրամադրվում է որպես աջակցություն։ Դա շարունակվելու է եւ տարեկան շուրջ 6-7 հազար մարդու մասին է խոսքը՝ թեման եզրափակեց Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։