Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ընտրացուցակները համապատասխանում են ԸՕ պահանջներին, ոստիկանությունը պատշաճ է կատարել դրանց կազմման ու ստուգման ` օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունը` ԿԸՀ տեղեկատվական սրահում այսօր ասել է և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Ընտրացուցակների հիմնական առանձնահատկությունը դրանցում ՀՀ քաղաքացիություն չունեցող, բայց առնվազն 6 մաիս Հայաստանում հաշվառված քաղաքացիների ընդգրկումն է: Նրանց թիվը 3000 է, իսկ ընտրողների ընդհանուր թիվը` 816 475:
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է հեռուստա և ռադիոընկերությունների կողմից ընտրության մասնակիցների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկման արդյունքները:
Երևանում վերգետնյա եթերային հեռարձակում է իրականացնում 35 հեռուսատ և ռադիոընկերություն: Դրանցից նախընտրական քարոզարշավի լուսաբանմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն և 10 ռադիոընկերություն: Վճարովի եթերաժամի մեկ հեռուստատեսային րոպեի նվազագույն սակագինը եղել է 15 000, առավելագույնը 120 հազար դրամ, ռադիոյինը` նվազագույնը 2400, առավելագույնը` 3600 դրամ:
Քարոզարշավի ընթացքում` ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ը, ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը օգտագործել են օրենքով նախատեսաված անվճար եթերաժամի 85, իսկ վճարովիի` 77 տոկոսը:
Հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները քարոզարշավի լուսաբանմանը ընդհանուր առմամբ տրամադրվել է 31 հազար 103 րոպե կամ մոտ 518 ժամ: Վճարովի ու անվճար եթերաժամերից ամենաշատը օգտվել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` 5514 րոպե, ամենաքիչը` Առաքելությունը` 1747 րոպե: