Կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված աջակցության 10-րդ ծրագիրը, որի շահառուն միկրոբիզնեսն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն այս շրջանում խրախուսելու է հատկապես այն տնտեսավարողներին, որոնք նախաճգնաժամային փուլում աչքի են ընկել օրինապահ կեցվածքով և գործելակերպով:
Առաջարկվող ծրագրերի շահառուների ցանկն անընդհատ թարմացվում է։ Կառավարությունը քննարկում է նաև բիզնեսի աջակցության համար սահմանված չափանիշները մեղմացնելու հարցը, չի բացառում նաև կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը փոխհատուցելու հնարավորությունը։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9 առաջարկներին այսօր ավելացավ ևս մեկը։ Կառավարությունը հաստատեց աջակցության 10-րդ ծրագիրը։ Սա միկրոբիզնեսին տրամադրվող աջակցություն է, որից չեն կարող օգտվել անհատ ձեռնարկատերերը։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկն է։ Պարզաբանելով ծրագրի պահանջները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց,
«Այն տնտեսվարողները, որոնք պարտաճանաչ կերպով ՀԴՄ կտրոններ են տրամադրել, կխրախուսվեն ավելի մեծ չափով, իսկ նրանք, ովքեր ՀԴՄ կտրոններ չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա»:
«Երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք դիմել են ՀԴՄ ստանալու համար, բայց չեն հասցրել ստանալ, և նրանք, ովքեր օրենքով ՀԴՄ ունենալու պարտավորություն չունեն»,- ասաց Փաշինյանը:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային տնտեսական փաթեթներն ամբողջությամբ, սոցիալականները՝ մասնակիորեն, սկսել են գործել։ Միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Վարչապետի տեղեկացմամբ՝ սա գործադիրի կողմից նախատեսված աջակցության հազիվ 10 տոկոսն է:
«Առաջիկա մի քանի օրերին բազան կամբողջանա, և ամբողջ օգնությունը, աջակցության բոլոր փաթեթներն արդեն հասանելի կլինեն այն քաղաքացիներին, որոնք շահառու են: Ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը»,- ասաց Փաշինյանը։
«Միջոցառումները աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատներին, որոնք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում կարող են սոցիալական խնդրի առաջ կանգնել»,- կառավարության նիստից հետո հստակեցրեց փոխվարչապետը։
Ըստ Մհեր Գրիգորյանի՝ գործիքները տարբեր են, կառավարությունը չի բացառում նաև կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը վճարելու հնարավորությունը։
«Չեմ բացառում, որ այդ հարցին կանդրադառնանք և կքննարկենք։ Սակայն պետք է աշխատենք թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Մենք գալիս ենք պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է։ Կոմունալ ծախսերի վճարումների դինամիկան կարող է տեղեկատվություն դառնալ կառավարության համար՝ շահառու խումբ որոշելու առումով։ Մեր միջոցառումները միտված են կարիքավոր խմբերը բացահայտելուն և նրանց օժանդակելուն»,- նշեց Գրիգորյանը։
Այս պահին մշակվում են աջակցության ծրագրերի շտեմարանները։ Ճշգրտումներ են արվում 7–րդ, 8–րդ և 9-րդ միջոցառումներում: Աջակցության 7-րդ ծրագրի սկիզբը կհայտարարվի վաղը: Մյուսների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացումը նախատեսվում է սկսել երկուշաբթի օրվանից ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ աջակցության փաթեթներում ճշգրտումներ անելը շարունակական գործընթաց է։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակում այս պահին բավարարվել է գյուղացիական տնտեսություններից ստացված 1,1 միլիարդ դրամի վարկային փաթեթ, փաստացի տրամադրվել են 600 միլիոն դրամ վարկային միջոցներ։ Տվյալները, ըստ գործադիրի, փոխվում են անընդհատ։ Տրամաբանությունը հետևյալն է՝ կառավարությունը բիզնեսին մատչելի կամ արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ու դրամաշնորհային փաթեթներ է առաջարկում։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ գումարի տեսքով՝ 26500 դրամից մինչև 100 հազար դրամ։
Ճգնաժամային փուլում կառավարությունը խրախուսում է այն տնտեսավարողին, որոնք նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել օրինապահ կեցվածքով և գործելակերպով: