
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ տեղում իրականացված մշտադիտարկումներն որևէ խնդիր չեն արձանագրել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ այս պահի դրությամբ երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման: Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ):
Թեստավորման արդյունքների մասին կհաղորդվի ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արվում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:




