
Այսօր անկանխատեսելի ավարտ է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստը․ կառավարության հեղինակած օրինագծերից մեկը խորհրդարանը քվեարկությամբ չի ընդունել։ Ավելի ճիշտ՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների թիվը բավարար չի եղել նախագծի ընդունման համար: Խոսքը երեկվանից բուռն քննարկման ու քննադատության արժանացած նախագծի մասին է, որը հեռախոսների միջոցով քաղաքացիների տեղորոշումը պարզելու հնարավորություն է տալիս:
Կառավարությունը չստացավ կորոնավիրուսի կանխարգելման համար ակնկալած երկու գործիքներից մեկը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը չընդունեց արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։
Ընդդիմադիրները՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, չմասնակցեցին քվեարկությանը: 65 Իմքայլականների 65 կողմ ձայնը չապահովեց քվորումը: Նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր առնվազն 67 պատգամավորի մասնակցություն քվեարկությանը:
Նախագծի քվեարկությունը տապալելուց հետո խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդես եկավ հայտարարությամբ:

«Ես խնդրում եմ բոլորի ուշադրությունը, մեր հայրենակիցների, այն մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի թեթևացնեն բուժաշխատողների աշխատանքը: Ըստ էության այսօր ընդդիմությունը իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որ բուժհամակարգը պարալիզացվի»:
Ընդդիմադիրների կողմից մարտահրավերն ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը.
«Չեմ կարծում, որ պետք է նման արտահայտություններ անել և բարդել իշխանության անգործությունը, նաև անիմաստ օրենքներ բերելը սահմանափակումների մասին ընդդիմության ուսերի վրա: Հիմա դուք ունեք 88 մանդատ: Հիմա այդ աշխատողները ո՞ւր են, որ չեն եկել քվեարկեն, որ ձեր օրենքը ընդունվի: Ընդդիմության ձայներո՞վ եք ուզում, որ օրենքը ընդունվի, որին ընդդիմությունը դեմ է»:

Բացակայությունների մասով կա մի քանի բացատրություն. ԱԺ մեծամասնության պատգամավորների մի մասն Արցախում է՝ նախագահի և խորհրդարանի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Բացի դրանից՝ գործում է արտակարգ դրությամբ պայմանավորված կարգը, որի համաձայն՝ վատառողջ, 60-ն անց պատգամավորների բացակայությունը համարվում է հարգելի:
Վերադառնանք նախագծին: Երեկվա քննարկումից հետո խորհրդարանական մեծամասնությունը բազմաթիվ առաջարկներ ներկայացրեց կառավարությանը՝ նախագծի վիճահարույց կետերը շտկելու համար:
Այսօր առավոտյան «Իմ քայլի» պատգամավորները գոհ էին, ասում էին՝ մտահոգությունները փարատված են: Թե ճեպազրույցներին ժամին, թե նիստերի դահլիճում քննարկումների ժամանակ խորհրդարանական մեծամասնության անդամները՝ ԱԺ-ի նախագահի գլխավորությամբ նշում էին հետևյալը.

Բաբկեն Թունյան. «Նախնական տարբերակով ներկայացված տարբերակի վերաբերյալ էլ, ձևակերպումների վերաբերյալ էլ հենց մենք որոշակի հարցեր ունեինք՝ կապված թե մարդու իրավունքների հետ, թե ընդհանրապես էֆեկտիվության հետ: Բայց առաջինից երկրորդ ընթերցում ահագին փոփոխություններ են տեղի ունեցել»:
Արարատ Միրզոյան. «Տասնյակ հազարավոր մահեր երկրների մասշտաբով: Երկիր կա, չգիտեն ինչ անեն, կործանվում է: Հիմա մեր իշխանությունները օր ու գիշեր ճռռում են, բերել են ինչ որ օրենքի նախագիծ, ասում են՝ մեզ այս գործիքն էլ է անհրաժեշտ։ Անթերի է այդ գործիքը՝ ոչ: Բազմաթիվ բաներ հանել ենք, ժամանակ էլ չեն ունեցել այդքան նայելու, հասել ենք օպտիմալ կետին։ Այն դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետներում եք կարդացել, ժողովուրդ ջան, մոռացեք, մոռացեք հիմա այդ պահը չէ: Համաճարակ է, պետք է փրկել մարդկային կյանքեր: Այս օրենքը, եթե ընդունենք, 10 կամ 7 կյանք է փրկելու, դե դեմ քվեարկեք: Այսքան բան»:
Երկօրյա քննարկումից հետո ընդդիմադիրներին ամեն դեպքում չհամոզվեցին: «Բարգավաճ Հայաստան»-ի անդամները պնդում են, որ ներկայացված նախագծի արդյունավետությունն այս պահին շատ ցածր է: Քայլերը ուշացած են համարում: Առաջինից երկրորդ ընթերցում «Լուսավոր Հայաստան»-ն ընդհանրապես որևէ առաջարկ չէր ներկայացրել կառավարությանը՝ այն պատճառաբանությամբ, թե փաստաթուղթն ընդունելի չէ: Քվեարկությունից առաջ ընդդիմադիրները զբաղված էին այլ հաշվարկներով: Առաջարկի հեղինակը Էդմոն Մարուքյանն էր:

«Քանի որ մենք դեմ ենք և չենք ուզում, որ այս նախագիծն անցնի, մենք տեսնում ենք, որ իշխող խմբակցությունը ոնց որ թե 65 հոգուց ավելի մարդ չունի: Ես ԲՀԿ-ին առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը, որովհետև անընդհատ հաշվում ենք, և նախագիծը չի ընդունվի»,- ասաց Մարուքյանը:
Ընդդիմադիրների մարտավարությունը ցանկալի արդյունք տվեց. Կառավարության համար կարևոր համարվող նախագիծը տապալվեց: Սա արդեն հետագայում քաղաքական քննարկումների առիթ կդառնա, քանի որ ակնարկներ ԱԺ դահլիճում արդեն հնչեցին «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից:
Ծովինար Վարդանյան․ «Այսպիսի մի ասացվածք կա՝ էծի պարը կամրջին է բռնում: Հետևաբար՝ հարգելի ընդդիմություն, ես չեմ կարծում, որ սա այն պահն է, որպեսզի ինչ-որ ճարպկություն ցուցաբերենք և արկածախնդրությամբ զբաղվենք»:

Սուրեն Գրիգորյան․ «Ես ինչ-որ առումով ձեզ հետ համաձայն եմ, և իրոք ճիշտ եք անում, որ մեզ քննադատում եք նրա համար, որ մենք ոչ ամբողջական և ոչ ճիշտ պատկերացում ունենք մեր որոշ գործընկերների վերաբերյալ: Ճիշտ եք ասում: Որպեսզի հետո շահարկումների առիթ չլինի, ես ընդդիմադիր գործընկերներին նկատի ունեի»:
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ, ի դեպ, չքվեարկվեց նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։ Խոսքը կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ նախագծի մասին է, որը երեկ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ:
Կառավարությունը որոշել է նախագիծը հանել երկրորդ ընթերցման օրակարգից։




