ԿարևորՔաղաքական

Freedom House. Հայաստանում մամուլի ազատության մակարդակն էականորեն բարելավվել է

Լիանա Եղիազարան

«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի Գլխավոր վերահաժողովը 1993 թ-ից սկսած մայիսի 3-ը հայտարարել է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից  հետո յուրաքանչյուր տարի այդ օրը նշվում է որպես ազատ մամուլի աշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր։
Հայաստանում մամուլի ազատության մակարդակն էականորեն բարելավվել է. գնահատականը խոսքի ազատության համաշխարհային մոնիտորինգ իրականացնող Freedom House կազմակերպությանն է:
Freedom House-ի ամենամյա զեկույցի համաձայն` 2012թ. մամուլի ազատության առումով Եվրասիական գոտում ամենամեծ առաջընթացն արձանագրել է Կովկասյան տարածաշրջանը, իսկ Հայաստանը գրանցել է Կովկասում մամուլի ազատության բարելավման լավագույն ցուցանիշը:
Զեկույցի համաձայն` Կովկասում ամենաազատ մամուլը Վրաստանում է, իսկ հարևան Ադրբեջանը մամուլի ազատության ցուցանիշով հետընթաց է գրանցել:
Գնահատումները Իրանը մատնանշում են որպես լրագրողների ամենամեծ բանտ, իսկ մեկ այլ հարեւան երկրի` Ադրբեջանի ղեկավարին ճանաչում որպես մամուլի ազատության ամենամեծ բռնակալ:
Ով է գծում մամուլի ազատության սահմանը, եւ ինչ ուրվագծեր ունի այն Հայաստանում: Համաձայն որոշ գնահատումների` Հայաստանում հատկապես անազատ են հեռուստաընկերությունները, ապա՝ թերթերը: Համեմատաբար ավելի ազատ են էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնց աշխատանքը սահմանափակելու լծակներն ավելի քիչ են:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ազատ մամուլի համար կարեւորում է նախ օրենսդրական համապատասխան կարգավորումները։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դրական է համարում Freedom House-ի զեկույցում Հայաստանի դիրքի բարձրացումը, սակայն դա գոհացուցիչ արդյունք չի համարում։ Մելիքյանը գտնում է, որ եթե ինտերնետային լրատվամիջոցների առումով նկատվում է խոսքի ազատություն, ապա նույնը չի կարելի ասել հեռուստատեսության մասին։
«Հեռուստաեթերը հայտնվել է մի վիճակում, որտեղ յուրաքանչյուր հեռուստաալիք ներկայացնում է միայն իր «հովանավորի» շահերը», -ասաց Մելիքյանը։ Նրա խոսքով՝ 2005 թվականին «Ա1+
» և «Նոյյան տապան» հեռուստաալիքներին եթերաժամանակից զրկելը լուրջ ոտնձգություն էր երկրում խոսքի ազատության դեմ, և հարցը մինչ օրս լուծում չի ստացել։
Անցյալ տարի լրատվամիջոցների դեմ դատական հայցերը մեր երկրում  նվազել են, և 2011 թվականի 37 հայցի համեմատ 2012 թվականին գրանցվել են 17-ը։ Մելիքյանը նկատում է, որ դատական հայցերի նվազմանը նպաստեց Սահմանադրական դատարանի որոշումը, որով դատավորներին կոչ էր արվում շարժվել միջազգային փաստաթղթերի համաձայն:
Նախորդ տարի մեկ դեպքով պակասել են նաև ֆիզիկական բռնության օրինակները։ «Սակայն այս տարի արդեն խախտվել է դրական միտումը, և տարվա առաջին եռամսյակում արդեն եղավ բռնության 4 դեպք»,- հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ավելի հաճախ խոսքի սահմանափակումներ են լինում, երբ լրատվամիջոցի քննադատությունը վերաբերում է ինչ-որ մեկի քաղաքական իմիջին կամ գործարար աշխարհի մարդկանց։

Կարդացեք նաև

Back to top button