ԿարևորՀասարակություն

Ընտանեկան նեղ հավաքույթ՝ ճոխ ծնունդների փոխարեն

Արմավիրում հրուշակագործները ժամանակավորապես չեն աշխատում, գործի են գնում միայն տորթի պատվեր ունենալու դեպքում: Ծննդյան տոները նշում են առանց հյուրերի,  ընտանիքի անդամներով:

Արտակարգ դրությունն արտակարգ պայմաններ է ստեղծել այս ժամանակահատվածում իրենց տարեդարձը նշող մարդկանց համար:  Ճոխ ծնունդների ու ընկերական հավաքների փոխարեն ծննդյան տարեդարձերն այժմ նշվում են միայն  նեղ ընտանեկան միջավայրում: Այս օրերին էլ ծննդյան տորթերի պատվերները շարունակվում են: Այսօր իր տարեդարձն էր նշում 15-ամյա մի աղջնակ, տորթ պատվիրելիս հայրն ու դուստրը տարակարծիք էին՝ հայրը 5 հոգու համար էր նախատեսում, աղջիկը՝ 10: Հայրը իրատեսորեն ընտանիքի անդամների թվով էր հաշվարկում, իսկ աղջիկն ավելացնում  ընկերներին, որոնց այցը թեկուզ կարճ ժամանակով՝ չի բացառել: Ծննդյան տորթերի պատվերներ էլի կային, մեկն ամուսնու, մյուսը՝ փեսացուի համար:

«Ամուսնուս ծննդյան օրն է, տորթ ենք գնում, հյուրեր ունենում ենք շատ, բայց այս պայմաններում հյուրեր չունենք, ընտանիքով, 4 հոգի ենք՝ 4 հոգով, որովհետև գիտենք՝ ինչ պայման, ավելի լավ է չշփվենք, խելացիորեն մոտենանք,  քան թե շփումը շատ լինի, վիրուսի տարածումը շատ լինի»

«Հաստատ չենք անցնի 10 հոգին, տանն ենք նշելու, տան անդամների հետ: Դրսից հյուրեր չեն լինելու»:

Տորթերի խանութն Արմավիրում բավականին հայտնի է, արտադրության ծավալն էլ մեծ, սակայն նոր կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների սահմափակումներով պայմանավորված արտադրամասը նվազեցրել է արտադրական ծավալը:

«Աշխատանքը կարելի է ասել հասել է զրոյական մակարդակի, որովհետև և՛ վաճառքը, և՛ հաճախորդների հաճախելիությունը քչացել է: Արտադրամասն անմիջապես փակվել է, չի գործում, միայն պատվերի դեպքում օրվա մեջ մի քանի ժամ են աշխատում,  ընդամենը 4 աշխատող է գալիս՝ 2-ը քսող, 2-ը՝ զարդարող»:

Վաճառքի մեծ սրահի  բոլոր ցուցափեղկերը դատարկ էին, բացառությամբ՝ մի քանի տորթի: Սրահի կենտրոնում հարսանեկան և տարբեր խնջույքների համար պատրաստվող տորթերի նմուշներն էին տեղադրված:

«Խմորեղենի մեծ տեսականի ունենք, որի վաճառքը կանգնել է, հասկանալով՝  մարդիկ ի վիճակի չեն տնից դուրս գալ»:

Աշխատանքները ժամանակավորապես են կանգնել, արտակարգ դրությունից հետո դարձյալ կանցնեն նախկին արտադրական ծավալներին: Եթե հրուշակագործները ժամանակավորապես  չեն աշխատում, ապա հացթուխների գործը մնայուն է: Նրանք  ապահովում են բնակչության հանապազօրյա հացը, ավելին՝ Արմավիրում ավելացել է թոնրով  լավաշի թխման արտադրությունը:

«Ալյուրի պակաս չունենք, նախօրոք գնել ենք, որ հացը ժամանակին հասցնենք մեր ժողովրդին»:

Թոնիրը տաք էր, հացթուխներն անցել էին գործի՝ թոնրի շրթից հանելով ծաղկած լավաշն ու  գյուղական կարմրաթուշ բոքոնը: Մյուս հացարտադրողները նույնպես  ալյուրի պակաս չունեն.

«Եթե վաղվանից հանրապետությունում ալյուր չարտադրվի ու չծախվի, ես մի ամիս կարամ հաց թխեմ, ոչ մի խնդիր չկա»

 Հացի արտադրության ծավալները նույնն են, տեսակները՝ տարբեր:

Back to top button