
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, թե կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարությունների արդյունքում որ ընտանիքները կարող են նպաստ ստանալ անչափահաս երեխաների համար:
«Մինչեւ 14 տարեկան երեխաների միանվագ նպաստը վերաբերում է բացառապես այն անձանց, ովքեր գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020 թվականի մարտի 13-25-ը ժամանակահատվածում», գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Կառավարությունը` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով երեկվա նիստում որոշում ընդունեց` աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում.
ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.
ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.
միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:
Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:




