Հասարակություն

Արցախը շարունակում է պատրաստվել ընտրությունների՝ առանց կորոնավիրուսի

Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ ԼՂՀ ԿԸՀ-ն իր կազմակերպչական աշխատանքների ձեւաչափը մի փոքր վերանայել է՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծված է աշխարհում եւ Հայաստանում։

Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չկա։ ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահ Սրբուհի Արզումանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվել եւ իրականացվում։

Ղարաբաղում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբն օրերս հաղորդագրություն տարածեց, որ Արցախում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով մեկուսացված է 3 քաղաքացի, մոտ 2 տասնյակն էլ ինքամեկուսացված են։ Հանձնաժողովի համակարգող, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը մեզ հետ հեռախոսազրույցում այսօր փոխանցեց, որ երեք թեսթավորումները բացասական պատասխան են ունեցել։

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսով վարակման միջադեպ Արցախում այս պահի դրությամբ չկա»,- նշեց Աբրահամյանը։ 

Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ Արցախում օպերատիվ շտաբը ձեւավորվել է դեռեւս փետրվարի 18-ին եւ աշխատանքներ են տարվել բոլոր ուղղություններով հսկողության խստացմամբ, մասնավորապես, երբ արդեն հայտնի էր դարձել Իրանում ստեղծված իրավիճակը։

Ինչ վերաբերում է ընտրություններին ընդառաջ կատարվող կանխարգելիչ քայլերին՝

«Կորոնավիրուսի տարածման ռիսկերն Արցախում նվազագույնի հասցնելու համար ԿՒՀ-ն միջոցառումների ցանկը մշակվել եւ հրապարակվել է առողջապահության նախարարության հետ համատեղ»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահ Սրբուհի Արզումանյանը մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ հանձնաժողովը մշակել եւ իրականացնում է նաեւ լրացուցիչ միջոցառումներ՝ ինչպես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, այնպես էլ ընտրությունների օրը ընտրողների եւ Արցախ ժամանող դիտորդների առողջական անվտանգությունն ապահովելու համար։

«Տեղամասերն ապահովելու ենք որոշակի բժշկական պարագաներով, ծանուցումներով։ Մասնավորապես՝ տեղամասերում կլինեն դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր, անհատական գրիչներ։ Մեծ տեղամասերում, մասնավորապես, Ստեփանակերտում տեսանկարահանվելու է ամբողջ ընտրական գործընթացը։ Սա հնարավորություն է տալու, ֆիզիկապես ներկա չլինելով տեղամասում, դիտարկել բոլոր աշխատանքները»,- նշեց Սրբուհի Արզումանյանը։   

Սա ընտրությունների օրվա մասին։ Արցախի ընտրությունները դիտարկելու համար ընտրությունների նախօրյակին Հայաստանից Արցախ են մեկնելու մի քանի հարյուր դիտորդներ։ Ի դեպ, Հայաստանից ընտրությունները դիտարկելու հայտ են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը։

Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ դիտորդները նախապես են անցնելու բուժզննություն։   

«Ըստ անհրաժեշտության թեսթավորվելու են բոլոր այն դիտորդները, որոնք պետք է մուտք գործեն Արցախի տարածք։ Դա, կարծում եմ, լիարժեքորեն կապահովի դիտորդների առողջապահական առումով անվտանգությունը եւ խնդիր չի ստեղծի վարակի տարածման առումով»,- ասաց Աբրահամյանը։   

Սրբուհի Արզումանյանն ասաց, որ որոշակի խնդիր կա լրացուցիչ դիտորդների հետ աշխատանք իրականացնելու առումով, խոսքը, մասնավորապես արտասահմանյան երկրներից հրավիրված դիտորդների մասին է.

«Մենք մասնակցության հրավերի հայտեր ենք ուղարկել 38 երկրի 140 դիտորդի եւ 40 լրատվամիջոցի»։

Մասնակցելու եւ Արցախի ընտրությունները դիտարկելու մեծ պատրաստակամության արձաքանքներ են եղել նախապես։ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված վերջին զարգացումներով պայմանավորված, սակայն, Արցախի ԿԸՀ-ը մտածում է, որ նրանց ֆիզիկական ներկայությունը տեղամասերում չլինի եւ դա փոխարինվի առցանց դիտարկումներով։

«Կունենան ուղիղ հեռարձակմամբ քվեարկության ողջ ընթացակարգին հետեւելու հնարավորություն։ Կունենան նաեւ հնարավորություն ԿՀԸ ընթացիկ բոլոր հաղորդագրությունները էլեկտրոնային հասցեներին ստանալու»։    

Տեղեկատվության հասանելիությունն ու հրապարակայնությունը ապահովելու համար միաժամանակ կարվի ամեն ինչ՝ վստահեցրեց Սրբուհի Արզումանյանը։ Նա շեշտեց, թե ամենաշահագրգռվածը ԿԸՀ-ն է, որ ընտրությունների թափանցիկության ու արդար, անկողմնակալ լինելու վերաբերյալ դիտարկումներ լինեն առավելագույն տեղեկացվածությամբ։ Այսպիսի ջանքերի ներդրման պայմաններում որեւէ գործընթաց կասկածի տակ առնելը տեղին չէ եւ ժամանակը դա ցույց կտա՝ այս վստահեցմամբ եզրափակեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։  

Կարդացեք նաև

Back to top button