ԿարևորՀասարակություն

Ճգնաժամը որպես հնարավորություն․ աջակցության ծրագրերը հաստատվել են

Չորս տնտեսական ու մեկ սոցիալական  միջոցառում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։  Դրանք կսկսեն իրականացվել ապրիլի 1-ից։

«Սոցիալական ու տնտեսական խնդիրները  լուծելու համար  եկամուտներ են պետք»,- հայտարարել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու   կարևորել   հարկային  կարգապահությունը։

Նա շեշտել է, որ ճգնաժամային իրավիճակում պետք  է ավելի մեծ ուշադրություն դարձնել  ՀԴՄ կտրոնների տրամադրմանը։ Ակնկալվում է, որ  2020 թվականի առաջին եռամսյակում  5 մլրդ դրամով կգերակատարվեն հարկային եկամուտները։

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին  կարձագանքի ու կաջակցի Հայաստանի կառավարությունը։ Դրանք  վարկային միջոցներ են, սուբսիդավորում, համաֆինանսավորում,  ինչպես նաև միանվագ գումարի տրամադրում։ Աջակցությունը  կստանան դրա կարիքն ունեցող  բոլոր տնտեսվարողները։ 

Վերջին 1 տարում Հայաստանում  գործող անհատ ձեռներեցները, իրավաբանական անձինք կարող են աջակցություն ստանալ։  Առավելագույն գումարը՝ 500 մլն դրամ է։ Տնտեսվարողները կարող են գումարն ստանալ  աշխատակիցների աշխատավարձի վճարման, հարկային պարտավորությունների կատարման, հումք ու սարքավորում ձեռք բերելու, ինչպես նաև կոմունալ վճարումների համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նաև մեկ բացառություն մատնանշեց․

«Եթե կազմակերպությունը դիմել է, որպեսզի վարկ վերցնի ու սննդամթերք ներկրի»։ 

Աշխատավարձերի, հարկերի, տուրքերի վճարման նպատակով ֆինանսներ ներգրավելիս համաֆինասավորումը  կարող է կազմել      գումարի մինչև հիսուն տոկոսը, կոմունալ վճարների դեպքում՝ 45 տոկոսը, սննդամթերքի ներկրկան համար վարկային միջոցներ ներգրավվելիս՝ 30 տոկոսը, հումքի ձեռքբերման դեպքում  առավելագույնը՝ 40 տոկոսը, սարքավորումների դեպքում՝ 25 տոկոսը։ Այստեղ կա մի կարևոր պայման՝ տնտեսվարողը պետք է  վարկունակ լինի։

«Համաֆինանսավորման առանձնահատկությունը նրանում է, որ այն չափով, որ կառավարությունը համաֆինանսավորում է, այդ չափով բանկը կարող է պակաս գրավ պահանջել»,- նշում է Խաչատրյանը։

Եթե տնտեսվարողը վարկունակ է,  ցանկանում է միջոցներ ներգրավել աշխատավարձի կամ հարկերի վճարման  նպատակով՝ առանց  կառավարության համաֆինանսավորման, ապա  այս դեպքում պետությունը  վճարում է  բոլոր  տոկոսային ծախսերը։  Եթե տնտեսվարողը միջոցներ ներգրավում է հումքի  ձեռքբերման համար՝ կառավարությունը սուբսիդավորում է 6 տոկոսը, սարքավորումներ ձեռքբերելու համար՝ 5 տոկոսը,  կոմունալ  վճարների դեպքում՝ 10 տոկոսը։

Աջակցությունից չեն կարող օգտվել բանկերը, վարկային, ֆինանսական ու ապահովագրական ընկերությունները։ Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը կարծում է, որ բանկերը աջակցությունից օգտում են․  

«Ես ադքան էլ համաձայն չեմ, որ մենք բանկային ու ֆինանսական համակարգին չենք աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի բանկային համակարգ, արդեն իսկ աջակցություն է։ Այսօր շուկան զրոյական վիճակում է, և բանկային համակարգն էլ գումարների տեղաբաշխման խնդիր ունի։ Մենք սրանով  ֆինանսների տեղաբաշխման շուկան ենք ստեղծում։ Մենք ուզում ենք, որ մեր  տնտեսության արյունատար համակարգը սկսի  աշխատել»,- ասում է վարչապետը։

Մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջության ոլորտների այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականին  24-500 մլն դրամ շրջանառություն են ունեցել, նույնպես աջակցություն կստանան՝ երեք տարի ժամանակով։ Այստեղ կարևոր պայմանը 2019-ին հանդես բերած հարկային ու վարկային կարգապահությունն է՝ հստակեցրեց  էկոնոմիկայի նախարարը։

Կառավարությունը կաջակցի նաև գյուղատնտեսության ոլորտին․ մինչ այժմ գորոծող նպատակային ծրագրերի տոկոսագումարները կզրոյացվեն։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, կառավարությունն այս տարի կսուբսիդավորի նաև արտարժույթով վերցված վարկերը․

«Էական տարբերությունն այն է, որ եթե կառավարությունն աջակցում էր այն դեպքում, երբ առևտրային բանկը մինչև 12 տոկոսով էր տրամադրում, մենք այս տարի հայտարարում ենք, որ կսուբսիդավորենք 14 տոկոսը։ Մենք սուբսիդավորելու ենք նաև այն տոկոսները, որոնք տնտեսվարողները կհամաձայնեն վերցնել արտարժույթով»,- նշում է նախարարը։

Եթե գյուղացիները 1 մլն դրամ վարկ կվերցնեն, ապա այս գումարի տոկոսներն  էլ 2 տարի կսուբսիդավորի տոկոսագումարները։ Աջակցության փաթեթում խրախուսվում է  գյուղացիական կոոպերատիվների ձևավորումը։

Համաֆինանսավորման չափերը կախված են ոլորտներից՝ ամենաշատը կհամաֆինանսավորվեն  տոհմային անասնաբուծությամբ, ոչխարաբուծությամբ զբաղվողները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ փորձում են օգնել այն գյուղացիները, որոնք գոհ չեն միայնակ աշխատելուց։

«Մենք քաջալերում ենք համախմբումը, ջանքերը մեկտեղելով գործունեության մակարդակը փոխելը։ Թող ճոռոմ չհնչի, բայց սա ես համարում եմ պատմական հնարավորություն, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում փոփոխություն ունենանք»,- ասում է վարչապետ Փաշինյանը։

Կառավարությունը միանվագ 100 հազար դրամ սոցիալական աջակցություն կտրամադրի մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող  այն ընտանիքներին, որոնց  ծնողները ազատվել են աշխատանքից այս տարվա մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում։

Աշխատանքից զրկված ծնողի աշխատավարձը վերջին երեք ամսվա ընթացքում 500 հազար դրամը չպետք է գերազանցի։ Սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու համար եկամուտներ են պետք, հայտարարեց վարչապետն ու կարևորեց հարկային  կարգապահությունը։ Ճգնաժամային իրավիճակում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀԴՄ կտրոնների տրամադրմանը, Նիկոլ Փաշինյանը։     

«Հարկ ուզում են այն պարագայում, երբ կան ձևավորված հարկային եկամուտներ։ Մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ ենք ստանում, որ տնտեսավարողները սկսել են կիրառել ՀԴՄ չտալու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի: Հիմա հակառակը՝ ճգնաժամային իրավիճակ է, և, այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները»,- ասում է Փաշինյանը։

Ակնկալվում է, որ  2020 թվականի առաջին եռամսյակում  հարկային եկամուտները կգերակատարվեն 5 մլրդ դրամով։

Կարդացեք նաև

Back to top button