
Հայաստանում 18.30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 249 դեպք, որոնց մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում:
Նրանց մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, և նրանց հիվանդանոցում գտնվելու պատճառը մյուսներին չվարակելն է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ունենք 65-ից բարձր տարիքի 11, 70-ից բարձր՝ 5, 80-ից բարձր պացիենտ չկա:
«Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք, 5-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանցից 1-ի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր: 868 մեկուսացված քաղաքացի ունենք, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում:
« Պետք է ամեն ինչ անենք՝ մահվան ելքով դեպքերից խուսափելու համար: Հենց սրան է ուղղված եղել մեր գործողությունները»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանում այսօր առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի:




