ԿարևորՀասարակություն

Հրատապ փոփոխություններ՝ Աշխատանքային օրենսգրքում

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը ցույց տվեց, որ Աշխատանքային օրենսգիրքը  կոնկրետ իրավիճակից բխող շատ հարաբերություններ չի կարգավորում կամ թերի է կարգավորում։

«Հեռավար աշխատանք»  հասկացությունն,  օրինակ, օրենսգրքում սահմանված չէ, մինչդեռ աշխատողներից շատերն այս օրերին  աշխատում են այդ եղանակով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով մշակել և շրջանառության մեջ է դրել փոփոխությունների նախագիծ, որով փորձում է լրացնել բացերը։

Արտակարգ իրավիճակ՝ արտակարգ դրության պայմաններում․ Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում  աշխատողների մեծ  մասն անցել է հեռավար աշխատանքի կամ հարկադիր պարապուրդի է մատնվել։  Աշխատանքային  օրենսգրքով  հասկացությունը չի սահմանվում, վճարումների  մասով էլ կարգավորումներ չի նախատեսում։ 

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել, որով փոփոխություններ են առաջարկվում արտակարգ դրության պայմաններում աշխատելու դեպքում։

Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ՝  ձևակերպել  են հեռավար աշխատանքի սահմանումը։

 «Հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, ըստ նախագծի, աշխատողները  պարապուրդի մեջ չեն համարվում,  և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է»,- նշեց Ժորա Սարգսյանը։ 

Նախագծով գործատուին  աշխատանքային ռեժիմի ու վայրի փոփոխություն կատարելու հնարավորություն է տրվում։  Գործող կարգավորումներով այդ մասին նախապես չծանուցելու դեպքում գործատուն տույժերի է ենթարկվում։

«Սահմանվել է, որ այն դեպքերում, երբ աշխատողը արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողանում աշխատանքի ներկայանալ, գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող հասնել աշխատանքի վայր, օրինակ ճանապարհները փակ լինեն։  Այժմ նման կարգավորումներ կան, եթե աշխատողը մեկ օր անհարգելի բացակայում է աշխատանքից, գործատուն կարող է նրան աշխատանքից ազատել»,-ասաց վարչության պետը։ 

Այն դեպքերում, երբ ուսումնական հաստատությունների համար նախատեսված արձակուրդները երկարաձգվել են, մինչև 14 տարեկան  երեխաներ ունեցող ծնողների բացակայությունը  անհարգելի չի համարվի։

Փոփոխությունները  արգելում են գործատուին իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։

Վարձատրության մասով նույնպես փոփոխություններ նախատեսվում են։ Կան իրավիճակներ, երբ գործատուն  կարող է աշխատանքով ապահովել, սակայն աշխատողը չի կարողանում ներկայանալ։

«Եթե աշխատողը չի ներկայացել կամ ներկայացել է ուշացումով, ապա նրան վճարում են փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան»,- հստակեցրեց Սարգսյանը։

Գործող կարգավորումներով իրար հաջորդող օրերին աշխատողը կարող է արտաժամյա աշխատել առավելագույնը 4 ժամ, ինչն առաջարկվում է դարձնել  8 ։

Այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ  և հնարավոր չէ աշխատանքը շարունակել  ոչ տնից և ոչ էլ հեռավար եղանակով, գործատուի համար նախատեսվում է  պարտադիր պահանջ՝ աշխատողին  ցանկության դեպքում արձակուրդ տրամադրելու։

Ի դեպ,  գործատուն չի կարող աշխատողին պարտադրել, որ նա  չվճարվող արձակուրդ վերցնի։

«Որտեղից  վճարեն  գործատուները, գիտենք, որ կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է քննարկում, որոնք միտված են հենց այս դեպքերում գործատուներին աջակցելուն»։

«Օրավարձով աշխատողները, որոնք ունեն  աշխատանքային պայմանագիր, նույնպես վճարվում են»,– ասաց Ժորա  Սարգսյանը և հավելեց՝ եթե աշխատողը հարկադիր պարապուրդում է  ոչ իր մեղքով, ապա գործատուն պետք է վճարի։ Կարգավորումը հստակ է, հրաժարվելու դեպքում  հարցն արդեն ՊԵԿ–ի և  առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմնի կարգավորման տիրույթում է՝ ասաց նախարարության ներկայացուցիչը։ 

Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում  է, որ առաջարկվող կարգավորումներն  ուժի մեջ մտած համարվեն  2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն:

Կարդացեք նաև

Back to top button