
Այսօր խորհրդարանում ժամանակացույցով հաստատված հերթական քառօրյան է սկսվել: Օրակարգում 25 հարց է, մինչ այդ՝ մշտական հանձնաժողովները փորձել էին հնարավորինս թեթևացնել օրակարգը՝ թողնելով առաջնային նշանակություն ունեցող նախագծերը: Երեկ ուշ երեկոյան ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել՝ խորհրդարանի հետագա աշխատանքի հետ կապված:
Առաջարկ է հնչել՝ արտակարգ դրության պայմաններում հետաձգել աշխատանքը, սակայն պատգամավորների մեծամասնության համար այն անընդունելի էր, քանի որ Խորհրդարանական երկրում ԱԺ աշխատանքը չի կարող պարալիզացվել: 132 պատգամավորից առավոտյան գրանցվել էր 99- ը, բայց նրանցից ընդամենը մի քանիսն էին նիստերի դահլիճում նստած դիմակներով: Այս հարցում, ի դեպ, պատգամավորների կարծիքները բաժանվում են՝ պե՞տք է անընդհատ կրել դիմակ, թե՞ ոչ:
Արտակարգ դրության օրերին քաղաքական համաձայնության գալու առաջարկ է անում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ չքվեարկել, քվորում չապահովել և չգումարել նիստեր:
«Մենք մարդկանց ասում ենք ՝ նստեք տանը, բայց մենք գալիս ենք գործի, առանց դիմակների աշխատում ենք, սոցիալական հեռավորությունը չենք պահպանում, նույն ամբիոններից խոսում ենք, նույն միկրոֆոններին, դռների բռնակներին ձեռք ենք տալիս, և դրանով լավ օրինակ չենք ծառայում: Օրակարգում չկան հարցեր, որոնք հենց հիմա անհրաժեշտ են, որ խորհրդարանն ընդունի կյանքը կարգավորելու համար»:
Սա խորհրդարանն ամբողջովին պարապուրդի մատնելու առաջարկ չէ: Ըստ Մարուքյանի՝ խորհրդարանում պետք է մնան և աշխատեն խորհուրդը, որի մեջ են ընդգրկված ԱԺ նախագահն ու տեղակալները, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները: Եթե անհրաժեշտ լինի, ասում է, կա նախադեպը, երբ ուրբաթ օրը երեկոյան մեկ ժամում հրատապ հավաքվեցին և գումարեցին արտահերթ նիստ:
Նիստերի օրերին 132 պատգամավոր և մինչև 470 աշխատող պետք է ամեն օր գնա խորհրդարանի շենք: Չնայած առաջարկին, ոչ նիստերի դահլիճում, ոչ էլ դրանից դուրս շատ քիչ պատգամավորների կարելի է հանդիպել դիմակներով կամ ձեռնոցներով: Այսպես ասենք` «չպաշտպանվող» պատգամավորներից են նույն Էդմոն Մարուքյանը և Լիլիթ Մակունցը:

Մարուքյան. «Ես անդադար սպիրտով և այլ միջոցներով ձեռքերս լվանում եմ, բայց կարծում եմ, որ դիմակով պաշտպանվելը նաև անարդյունավետ է՝ կարդացել եմ բազմաթիվ նյութեր և կարծում եմ, եթե մեկ մարդ էլ հիվանդ լինի այստեղ, բոլորը վարակվելու են: Անիմաստ է: Ցուցումը հետևյալն է՝ մի հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները կիրառեք: Բայց երբ դու առաջին ցուցումը խախտում ես՝ չհավաքվելու, մնացածը անիմաստ է դառնում, քանի որ մենք արդեն հավաքված ենք, անիմաստ է դիմակներով ման գալ»,- ասաց Մարուքյանը:
«Առողջապահության նախարարությունը հրապարակել է այն կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել և, ըստ այդմ, դիմակներ առաջարկում է կրել այն մարդկանց, այն անձանց, ովքեր որոշակի թուլություն են զգում, վատառողջ են, հարբուխ ունեն և այլն: Քանի որ ես այս պահին ամբողջովին ինձ առողջ եմ զգում, դրա համար էլ չեմ կրում դիմակ»,-նշեց Մակունցը:
ԱԺ խորհրդի նիստում երեկ որոշվել է. 60-անց պատգամավորները կարող են չներկայանալ աշխատանքի, նաև՝ ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներն ու վատառողջների բացակայությունները կհամարվեն հարգելի: Պատգամավորներն անգամ իրար հորդորում են՝ քննարկումներին հետևել իրենց աշխատասենյակներից, ոչ թե՝ նիստերի դահլիճում: Մխիթար Հայրապետյանը, օրինակ, խոստովանեց. նախագիծ ունի ներկայացնելու, բայց չի նեղանա, եթե իր օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ պատգամավորներից շատերը դահլիճում չլինեն:

Լիագումար նիստերը հետաձգելու առաջարկին խորհրդարանական երեք խմբակցություններից երկու դեմ են: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեցին Գևորգ Պետրոսյանն ու Վահէ Էնֆիաջյանը:
Գևորգ Պետրոսյան ․ «Պատկերացնո՞ւմ եք, մենք էլ գնանք տներով նստեք, բա ժողովուրդը ո՞ւմ ձայնին է սպասելու: Ի վերջո, խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է: Խորհրդարանական երկրում եթե ԱԺ-ն չգործեց, դա պետության վախճանն է: Ժողովուրդը ունի ճիշտ կառավարվելու իրավունք»:
Վահե Էնֆիաջյան ․ «Վաղը ունենք հարց ու պատասխանի ֆորմատ, առաջարկում եմ այդ ժամանակ հարցերն ուղղել կառավարությանը»:
«Լուսավոր Հայաստան»-ից գործընկերոջ առաջարկն անընդունելի է նաև խորհրդարանական մեծամասնության համար:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցը դիտարկում է երկու հարթության մեջ: Նախ՝ այդպիսի ընթացակարգով աշխատելու իրավունք չունեն ո՛չ օրենքներով, ո՛չ էլ Սահմանադրությամբ: Բացի դրանից` կա նաև բարոյական հարթություն․
«Կյանքը այնուամենայնիվ, շարունակվում է և հենց որպես օրինակ, օրինակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ՝ շարունակենք մեր աշխատանքները: Մենք չգիտենք արտակարգ դրությունը երբ կավարտվի: Մեծ հաշվով՝ 30 օր, բայց գիտենք, որ սա շարունակաբար կարող է երկարել և խոսում ենք նույնիսկ մի քանի ամիսների, վերլուծություն կա՝ մեկ տարվա մասին։ Մենք այդ ռեժիմով չենք կարող մեկ տարի մնալ և պետք է օրենսդրական գործունեությունը ծավալենք»,-ասաց ԱԺ նախագահը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի դեպ, այսօր ակնարկեց
հարկադիր պարապուրդի հետ կապված համապատասխան օրենքում փոփոխություններ անելու կամ լրացուցիչ նախագիծ ունենալու անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կառավարությունն արդեն աշխատում է և առաջիկայում կներկայացնի դա, փակագծերը բացեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:




