
Արմավիրում պարենային սննդամթերքի պակաս չկա, խանութների դարակները լիքն են, բայց վերջին օրերին նկատվել է մի քանի ապրանքատեսակների գների բարձրացում: Տնտեսվարողներն ապրանքների թանկացումը կապում են դոլարի փոխարժեքի բարձրացման հետ: Թանկացել է նաև ալյուրը: Արմավիրի մարզպետարանի աշխատանքային խումբը վերահսկում է պարենի գնաճը
Արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած՝ առաջին 2 օրվա ընթացքում, Արմավիր քաղաքի խանութներում իրարանցում էր, մարդիկ շտապել էին պարենի մեծ պաշար հավաքել: Ներքին վախ կար, որ մեկ ամսվա ընթացքում ապրանքները կսպառվեին և ամանօրյա գնումներին հավասարազոր սննդամթերք ու տնտեսական պարագաններ էին գնել: Խանութներում ապրանքները չպակասեցին, բայց պարենային որոշ մթերքներ թանկացան:

«Մի քանի ապրանքներ թանկացել են՝ ձու, մակարոնեղեն, դե ալյուրը թանկացել է, մակարոնը 20 դրամով է թանկացել: Թանկացած ապրանքները նոր ենք ստացել, պահեստավորված չունեինք»:
Տնտեսվարողը նշեց, որ իրենց խանութում 10 դրամով թանկացել է հացը: Ապրանքների թանկացումը պայմանավորում են ամերիկյան արտարժույթի բարձրացմամբ: Տարադրամի փոխանակման կետերում 1 դոլարի փոխարժեքը 499 դրամ է: Ալյուրի թանկացումն ինչպես է ազդել հացի գնի վրա՝ հացի արտադրությամբ զբաղվող Վահրամ Կիրակոսյանը պատասխանեց.

«Զուտ իրավիճակից ելնելով հացը չենք թանկացրել: Պահեստավորված ալյուր չունեմ, նորն եմ առել, բայց գինը չեն թանկացրել, պարկի մեջ մոտ 500 դրամ է թանկացել»:
Տնտեսվարողն ասում է, որ որոշակի թանկացումներ կան նպարեղենի բաժնում՝ ոսպ, դեղին ոլոռ, հնձկաձավար, թանկացել է նաև շաքարավազը: Գնային տատանումները 10-100 դրամ են, եթե հաշվի առնենք, որ տարբեր խանութներում ապրանքների տարբեր գնանշումներ կան: 25 կգ քաշով մեկ պարկ ալյուրի գինը օրեր առաջ 5150 դրամ է եղել, հիմա՝ 5600դրամ:

«Գրեչկան, օրինակ, շատ է թանկացել՝ 100 դրամով, ընդ որում՝ ինչ ստանում ենք, հիմնականում թանկացած է, և սա ոչ թե խուճապի հետ է կապված, այլ դոլարի գնի թանկացման: Հայաստանում արտադրվող մսամթերքի գների փոփոխություն չկա, Արաքսի հավն է մի քիչ թանկացել, երևի կերի հետ է կապված»:
Տնտեսվարողների կողմից կամայական գնաճը զսպելու նպատակով Արմավիրի մարզպետարանը վերահսկողություն է սահմանել մարզի խանութներում վաճառվող պարենային ապրանքների վրա, տվյալները փոխանցվում են կառավարություն: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այդ նպատակով մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ.

«Կոնկրետ այս պահին շատ քիչ, 2-3 ապրանքատեսակների գնաճի տարբերություն ենք արձանագրել, որոնց տատանումներն եղել են 5-10 դրամ, արձանագրվել են և ուղարկվել»:
Խանութներից մեկում երեկ առավոտյան մակարոնի բարձրացված գինը մոտ 50 դրամով իջեցրել էին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները զգուշացրել են տնտեսվարողներին հացի վաճառքը կազմակերպել փաթեթավորված: Խանութներում հիմա առօրյա գնումներ են, փակ տարածություններում գնորդները գրեթե չեն կրում դիմակներ, ձեռնոցներ: Պաշտպանիչ միջոցներ չունի նաև առևտրի կետերի աշխատողների մի մասը:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փակցրել է իրազեկման թերթիկներ՝ հանրային միջոցառումների կազմակերպումը սահմանափակելու վերաբերյալ: Միաժամանակ տեղեկացնում են՝ միմյանցից պահպանել հեռավորություն, ձեռքով չբարևել, չգրկախառնվել, չհամբուրվել, պահպանել սանիտարահամաճարակային կանոնները:




