
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են, այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Նրա տեղեկացմամբ, Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել։ Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ երրորդ երկրներից դեղամիջոցներ ու առողջապահական սարք-սարքավորումներ ներմուծելիս կգործի 0 տոկոս մաքսատուրք։
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, Հայաստանում առևտրի իրականացման վայրերում արգելված է տնտեսական գործունեության որոշ տեսակներ` նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդգծում է՝ բացառություններ են դեղատները, գյուղատնտեսական շուկաներն ու պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյկետները, սրճարանների գործունեության համար նույնպես բացառություններ կան։ Շարժական կետերը կարող են նաև խմիչք վաճառել․
«Սահմանափակումներ կգործեն բարերի, խմիչքների, մատուցման կետերի, կինոների, տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, սպորտի, զվարճությունների, հանգստի կազմակերպման, շահումով խաղերի բնագավառում»,- ասում է Սիմոնյանը։
Սահմանափակված է նաև դեպի Հայաստան և Հայաստանից դուրս իրականացվող բեռնափոխադրումները։ Սա նույնպես նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Բժշկական նշանակություն ունեցող սարք-սարքավորումներ, դեղամիջոցներ Իրան և Իրանից ՀՀ իրականացվում է առողջապահության նախարարության համաձայնությամբ։ Սահմանային կետերում մեքենաները ախտահանվում են։

«Սահմանի թողունակությունից կախված՝ բեռնափոխադրում իրականացվում է Մեղրիի անցումային կամ Ագարակի մաքսային վերահսկողության կետերում։ Այս պահի դրությամբ ապրանքների ցանկը սահմանափակ է,սակայն, դրանք այն անհրաժեշտ ապրանքներն են, որոնք պետք են ՀՀ տնտեսվարողներին»,- նշում է էկոնոմիկայի փոխնախարարը։
Կոնկրետ ապրանքների տեղափոխման սահմանափակում Վրաստանի հետ չկա` ասում է Վարոս Սիմոնյանը։
Սակայն հիշեցնում է՝ Վրաստանն ինքն է որոշակի խստացումներ կիրառում․ «Եթե վարորդը գալիս է բարձր ռիսկային համարվող գոտուց, նրան չեն թույլատրում Վրաստանի տարածք մտնել։ Հատուկ կարգ կա, որի համաձայն կարող են փոխել քարշակը կամ մեքենան։ Տարանցիկ փոխանցումների դեպքում մի անցակետից մյուսը հսկողության ներքո է իրականացվում։ Բժշկական ակնոցներ, դիմակներ հնարավոր է ներկրել Իրանից։ Կավիճ, գիպս, կիր նույնպես անհրաժեշտ են ՀՀ տնտեսությանը»։
Վերին Լարսը բաց է, որոշակի խնդիրներ կան, սակայն, դրանք միայն եղանակային պայմաններով էին պայմանավորված։ Դեպի ՌԴ փոխադրումները կատարվում են նախկինի նման, որևէ նոր փոփոխություն չկա։
Երրորդ երկրներից դեղամիջոցներ ու առողջապահական սարք-սարքավորումներ ներմուծելիս գործում է 0 տոկոս մաքսատուրք։ Սա Հայաստանի կառավարության նախաձեռնությունն էր՝ ԵԱՏՄ անդամ գործընկեր երկրներին։ Այս պահին կարգը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, ըստ անհրաժեշտության գուցե երկարացվի։




