
Կառավարության նախաձեռնությամբ երեկոյան 20․ 30-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծերի օրենսդրական փաթեթը։
Ըստ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի՝ օրենսդրական փաթեթի հրատապ ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ դրության ռեժիմով։
«Արտակարգ դրության պայմաններում անձանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, բայց որոշ սահմանափակումների դեպքում օրենսդրությամբ իրավական հետևանքներ նախատեսված չեն»,- ասել է փոխնախարարը և նշել, որ փոփոխություններով առաջարկվում է լրացնել այդ բացը։
Կառավարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել։ Մասնավորապես արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու համար տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապտիկի չափով։
Իսկ եթե մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտումը առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, ապա արարքը պատժվում է կալանքով՝ նվազագույնը 3 ամիս, առավելագույնը 5 տարի ժամկետով։




