
Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է պահպանել գործընկերային հարաբերությունները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ կառավարությունը հասցեական աջակցություն կտրամադրի բիզնեսին։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ մարտի երկրորդ տասնօրյակից հարկային եկամուտների հավաքագրման նվազում է նկատվում։ Բյուջեի թերակատարում կունենանք, սակայն, թե որքան, այս պահին հնարավոր չէ ասել՝ հայտարարել է Դավիթ Անանյանն ու հստակեցրել՝ հարկային հետաձգումներ կամ արձակուրդներ չեն լինի, կլինի հասցեական օժանդակություն։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտները 2019-ի նույն ժամանակահատվածից ավելին կլինեն 15-16 տոկոսով, ինչը նախորդ տարվա իներցիոն զարգացումների հետևանք է։ Անանյանի խոսքով՝ մարտի սկզբից արդեն համաճարակային իրավիճակն ու տնտեսական խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում հարկային եկամուտների վրա։
«Աճի տեմպը, որ ունեինք տարեսկզբից, մարտի երկրորդ տասնօրյակից արդեն դանդաղում է։ Ապագան շատ անկանխատեսելի է, անհայտները կամ փոփոխական ցուցանիշները այնքան շատ են, որ դժվար է կանպատեսել, թե ինչպիսին կլինի ապագան և ինչպիսի պատկեր կունենանք պետական բյուջեի ցուցանիշների մասով»,- ասաց Անանյանը։
Բյուջեի թերակատարում կարձանագրվի, սակայն թե որքան, այս պահին հնարավոր չէ ասել՝ նշեց Անանյանը։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարքագիծը, հարկային եկամուտները, պահպանվեն, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք բոլոր զարգացումենրին պատրաստ ենք։ Կան ֆինանսական աղբյուրներ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության առաջիկայում սպասվող դժվարությունները»։

Հստակեցրեց՝ հարկային հետաձգումներ կամ արձակուրդներ չեն լինի, կլինի հասցեական օժանդակություն։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս ներկայացրեց կառավարության որդեգրած քաղաքականությունը։
«Մենք հասեցական աջակցություն ենք տրամադրելու ՓՄՁ-ին, մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հյուրանոցային, զբոսաշրջային կազմակերպություններին»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հանրային սննդի ու հյուրանոցային ոլորտի կազմակերպությունները միասին 2019 թվականին 10-12 մլրդ դրամ հարկ են վճարել, ասաց Դավիթ Անանյանը։
Վերջին շրջանում ՀԴՄ կտրոնները նվազել են, ինչը պայմանավորված է հանրային սննդի կետերի չաշխատելով։ Փոխարենը շրջանառությունն ավելացել է առևտրի սպասարկան կետերում։
«Ապրանքաշրջանառությունը ընդհանուր առմամբ ընկել է, ՀԴՄ կտրոնները՝ նվազել։ Մարտի 16-ին տպվել է 1․3 մլն ՀԴՄ, մինչդեռ մարտի 12-ին տպվել էր 1․5 մլն հդմ»։
Հարկային վարչարարությունը նույն խստությամբ է իրականացվում, խոշորների վարքագիծը բազմաֆունկցիոնալ է, ուստի նրանք շարունակում են մնալ ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում։




