ԿարևորՏնտեսական

Զրո տոկոսով վարկեր բիզնեսին․ կառավարության հակաճգնաժամային փաթեթը

Հայաստանի կառավարության  հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը պատրաստ է, կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ  որոշումը  միանշանակ է` խնդիր է դրվել վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, կառավարությունը շատ ավելի մեծ հավակնություններով է առաջնորդվելու։ Վարչապետը նաև հայտարարել է, որ  Հայաստանը սննդի բավականին պաշարներ ունի, երկրում շաքարավազը կբավարարի 201օր, հավի միսը՝  64, ձեթը՝ 38 օր։

Հակաժգնաժամային տնտեսական ռազմավարության քննարկումը կառավարությունում մոտ տասը օր առաջ է սկսվել։ Այն արդեն պատրաստ է, առաջիկայում կդրվի քննարկման։ Ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝  25 մլրդ դրամ  կառավարությունը  առանձնացրել է գործարարությանը հրատապ աջակցություն ցուցաբերելու համար, 25 մլրդ դրամ, ըստ անհրաժեշտության,  կտրամադրվի  սոցիալական աջակցություն, կառավարությունը 80 մլրդ դրամ է առանձնացրել հետճգնաժամային վերադասավորումների համար։

Համաշխպարհային շուկաներն ու տիրող իրավիճակը բերել է  ապրանքների սպառման անկանոնության ու նաև նվազման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` բիզնեսին ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկելու

«Վարկերի ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, մինչև  50 տոկոսը ֆինանսավորելու է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորելու է կառավարությունը: Այսինքն` տնտեսավարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- ասաց վարչապետը: 

Վարկային միջոցները տնտեսավարողները կարող են աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ կատարել։ Կառավարությունն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ամսական 500 հազար դրամի չափով աջակցություն և  ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

«Այսինքն` եթե տնտեսավարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի»,- հստակեցրեց վարչապետը:

Գումարը կարելի է օգտագործել նաև հումքի գնման  կամ ներմուծման, սարքերի ձեռքբերման համար, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով ու վարկառու տնտեսավարողը տնօրինում է դրա համար անհրաժեշտ արտադրական հզորությունների։ Սարքերն ու սարքավորումներն էլ  պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով:

«էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման դեպքում, երբ գնված կամ ներմուծված սնունդը պետք է իրացվի Հայաստանում: Պարարտանյութ, սերմ, տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Անդրադառնալով վարկերի նկատմամբ հիմնական  պահանջներին՝ վարչապետն ասաց, որ պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով:  Ժամկետը՝ մինչև 24 ամիս, վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է, միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը՝ տարեկան 0-6 տոկոս:

Կառավարությունում համաֆինանսավորման չափն են հստակեցնում․ առաջարկվում է աշխատավարձի պարագայում համաֆինանսավորել մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների ՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում ՝ 45 տոկոս, սննդի  ներմուծման դեպքում  30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս։

Առաջարկները կամփոփվեն առաջիկայում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  կարծիքով՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին «on hold» մնալ որոշակի ժամանակահատված․

RA Government’s session took place

«Այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե՛ ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ կառավարությունը քաղաքացու հետ մասնակցում է հարկերի վճարմանը։ Չբացառեց՝ սոցիալական լարվածություն գուցել լինի, դրա համար էլ  միջոցներ կան։ 80 մլրդ դրամն էլ կուղղեն բիզնեսի վերակազմակերպման նպատակին։

«Կա մի ընդհանուր  ընկալում, որ աշխարհը այլևս նախկինը չի լինելու։ Բայց ինչպիսին է լինելու, այս պահին դժվար է կանխատեսել։ Մեր ուղերձն այն է, որ ինտելեկտուալ վերլուծական աշխատանքի ժամանակն է»,- նշեց Փաշինյանը։

Կառավարության ուշադրության կենտրոնում նաև ՓՄՁ-ներին աջակցությունն է։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծեց՝  անհրաժեշտության դեպքում ՓՄՁ-ներին, գյուղոլորտին  լրացուցիչ աջակցության մեխանիզմներ կտրամադրեն։ Հայաստանում սննդամթերքի, վառելիքի խնդիրներ չկան` հայտարարեց վարչապետը, շնորհակալություն հայտնեց բոլոր տնտեսվարողներին՝ այս փուլում կազմակերպված աշխատանքի համար։  Կառավարության ղեկավարը  նշեց՝   մեր երկրում շաքարավազը կբավարարի  201 օր, հավի միսը՝  64 օր, ձեթը՝ 38 օր։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացրեց` մարտի 18-ին Հայաստան է ներմուծվել 2500 տոննա ապրանք։ Դրանից  2000 տոննան մաքսազերծվել է, 600 տոննան սննդամթերք է եղել։   

«Չնայած որ Վերին Լարսի մաքսակետը փակ է, բեռները գալիս են Հայաստան։ Ավելին, մեր տնտեսավարողները փոխել են իրենց լոգիստիկ հնարավորությունները և ապրանքներ են ներկրում Հայաստան»,- ասաց Անանյանը։

Եթե նախկինում ասում էինք, որ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, այժմ փոխում ենք՝   կորոնավիրուսի ժամանակ էլ կյանք կա, ասաց վարչապետը։ Հստակեցրեց՝ «Համաճարակը ինչպես անսպասելի գալիս է, որոշակի տրամաբանությամբ էլ պետք է վերջ ունենա։  Ես համարում եմ, որ Հայաստանը ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է։ Սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին»։

Կառավարությունում վստահեցնում են՝ տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խմբի մատը տնտեսության զարկերակի վրա է, նաև խոստանում են  զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չկայացնել։

Կարդացեք նաև

Back to top button