ԿարևորՀասարակություն

Online աղոթքն էլ է ընդունելի

Առաքել Տոնոյան
Ռադիոլուրի համար

Այսօր, ժամը 19։00-ին Հայաստանում տեղի կունենա համազգային աղոթք, հայտարարել է Վեհափառ Հայրապետը։ Բացի դա, հայոց եկեղեցիներում  ժամերգությունների և պատարագների ժամանակ կփակվեն դռները հավատացյալների առաջ, սակայն նրանք դրանց մասնակցելու հնարավորություն կունենան։ Ինչպես կմասնակցեն և ինչով է պայմանավորված եկեղեցու այս քայլը։

Եկեղեցու զանգերը հավատացյալներին հրավիրում են ժամերգության։ Սակայն հավատացյալները մինչեւ ապրիլի 14- ը ժամերգություններին եւ պատարագներին կարող են մասնակցել միայն օնլայն։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով, եկեղեցու դռները հավատացյալների առջև կբացվեն ժամերգության և պատարագի ավարտից հետո միայն։

«Ժամերգությունները արվում են ամեն առավոտյան ժամը 8-ին ՝ փակ դռներով, որին մասնակցելու են միայն քահանաները, սարկավագը կամ դպիրները։ Այսինքն` ընդամենը երկու, երեք հոգով, իսկ հավատացյալներն այդ արարողությանը չեն մասնակցի։ Եթե նախկինում եկեղեցիները բացվում էին առավոտյան 8-ին,ապա հիմա այդ ժամին տեղի է ունենում ժամերգությունը, որից հետո հավատացյալների համար դռները բացվում են>,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Այն մարդկանց, որոնք այնուամենայնիվ մեծ ցանկություն կունենան մասնակցելու միջոցառումներին, եկեղեցին առաջարկում է այլընտրանք։ Խոսքը օնլայն հեռարձակումների մասին է։

«Եկեղեցական միջոցառումներից՝  կոնկրետ ժամերգությունները,պատարագները կհեռարձակվեն օնլայն, որքանով դա հնարավոր կլինի։ Կարող են լինել այնպիսի եկեղեցիներ, որտեղ մեկ քահանա է, մեկ սարկավագ է և այնտեղ երրորդ մարդ չկա, որը կկարողանա տեխնիկապես դա ապահովել։ Գուցե ոչ բոլոր եկեղեցիներից, բայց որոշ եկեղեցիներից կլինեն օնլայն հեռարձակումներ։ Շատ եկեղեցիներ, այսօր արդեն իսկ առավոտյան և երեկոյան ժամերգությունները հեռարձակում են»։

Վեհափառ Հայրապետի կողմից, այսօր ժամը 7-ին հայտարարվել է համազգային աղոթքի օր։ Առ Աստված աղոթք է կատարվելու բոլոր հիվանդների ապաքինման և այս դժվարին փորձության հաղթահարման համար։ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսային նշում է,որ հավատացյալներից շատերը թյուր կարծիք ունեն,որ իրենց ֆիզիկական ներկայությունը պարտադիր է։

«Մեր հավատացյալներից շատերը կարծում են,որ պետք է գան եկեղեցի և մասնակցեն այդ արարողությանը։ Ես ուզում եմ ընդգծել,որ եկեղեցին փակ է լինելու այդ ժամին և հավատացյալները չեն կարողանալու եկեղեցիներում կատարվող արարողությանը մասնակցել։ Պարզապես ամեն մարդ, որտեղ որ կլինի, այդ պահին պիտի խնդրենք,որ միանան մեր աղոթքին»,- նշում է քահանան։

Ի դեպ, այսօր նաև միջինքի օր է։ Միջինքը մեծ պահքի 24-րդ օրն է։ Ըստ ժողովրդական ավանդության՝ հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում։ Ում բաժին ընկնի դրամը,այդ տարի հաջողություն կունենա։

Կարդացեք նաև

Back to top button