
«Եվրատեսիլ -2020» -ի կազմակերպիչները հայտարարել են երգի միջազգային մրցույթի չեղարկման մասին՝ ելնելով կորոնավիրուսի տարածման վտանգից։ Մրցույթը պետք է տեղի ունենար մայիսին Ռոտերդամում։
«Ստիպված ենք հայտարարել Ռոտերդամի Եվրատեսիլ2020 երգի մրցույթի չեղարկման մասին։ Եվրոպայում COVID19-ի տարածմամբ ստեղծված անորոշությունը և մասնակից հեռարձակողների կառավարությունների, ինչպես նաև Նիդեռլանդների իշխանության հայտարարած սահմանափակումները հաշվի առնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունն ընդունել է դժվար որոշում՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է։⠀
Մենք հպարտ ենք, որ վերջին 64 տարիների ընթացքում «Եվրատեսիլ» երգի մրցույթն ամեն տարի առանց ընդհատումների միավորել է հանդիսատեսին, և մենք աշխարհի միլիոնավոր երկրպագուների պես, խիստ վշտացած ենք, որ այն չի կարող տեղի ունենալ մայիսին։⠀

Խնդրում ենք մարդկանց դիմանալ, մինչ մենք վերլուծում ենք այս աննախադեպ որոշման հետևանքները, և համբերությամբ սպասել լրացուցիչ տեղեկությունների մոտակա օրերի և շաբաթների ընթացքում։⠀
Կցանկանայինք արժանին մատուցել Նիդերլանդների հյուրընկալող հեռարձակողի թիմին և մեր 41 անդամներին, որոնք ջանասիրությամբ աշխատել են այս տարվա իրադարձության կազմակերպման վրա», — ասվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական էջում:⠀
2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն դեռ չկա:
Հայաստանն այս տարի երգի մրցույթում պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով։ Նա ընտրվել էր «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով։




