ԿարևորՀասարակություն

Արմավիրի փողոցները նախկինի պես մարդաշատ չեն, բնակիչները զգոնություն են ցուցաբերում

Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետարաններում քաղաքացիների շփումները նվազագույնի են հասել: Աշխատակիցներն ապահովված են ախտահանիչ նյութերով ու դիմակներով, մի մասն աշխատում է տանից, իսկ փողոցների ու հանրային տրանսպորտի ախտահանման աշխատանքները շարունակվում են  

Թեև օրն աշխատանքային է, բայց Արմավիր քաղաքի փողոցները նախկինի պես մարդաշատ չեն,  մարդկանց հոսքը զգալի նվազել է:  Բնակիչները զգոնություն են ցուցաբերում և  տանից դուրս են գալիս անհրաժեշտության դեպքում: Ընդհանուր առմամբ  քաղաքում  հանգիստ է և խուճապ չկա: Վաճառքի կետերում  աշխատողները հիմնականում  ռետինե ձեռնոց ու դիմակ են կրում, սրահի օդը վնասազերծելու նպատակով խունկ ծխում,  պահպանում  հիգիենայի ամենապարզ կանոնները:

Դիմակ  չունեցողների համար էլ կատակում,  խորհուրդ տալիս դիմել հին ու փորձված մեթոդին` սպիտակեղենի ու  բամբակի միջոցով:

Արտակարգ դրության պայմաններում Արմավիրի քաղաքապետարանն օպտիմալացված կազմով է աշխատում, որից աշխատանքը չի տուժում, հավաստիացրեց  Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը.

«Ունենք հիվանդ, տարիքով մեծ, մանկահասակ երեխա ունեցող աշխատակիցներ, որոնք տանից են աշխատում, այսինքն՝ քաղաքապետարանը բաց է, քաղաքացիներին ընդունում են և աշխատանքային պրոցեսը չի տուժել»:

Աշխատակիցները նույնպես պաշտպանիչ միջոցներ են կիրառում, ապահովված են ախտահանիչ նյութերով:  Քաղաքացիների հետ շփումը հնարավոր չափով նվազեցրել են:

«Քաղաքացիները դիմում են ընդհանուր բաժին, եթե անհրաժեշտություն կա փաստաթղթեր փոխանցելու, աշխատակիցը փոխանցում է, ախտահանիչ նյութեր կան ամենուր: Սկսել ենք նաև քաղաքի կենտրոնական փողոցների ախտահանումը ախտահանիչ նյութերով, այս աշխատանքները պարբերաբար շարունակվելու են»

Ախտահանվում են նաև Արմավիրի ներքաղաքային երթուղային տրանսպորտային միջոցները, որոնց  սեփականատերերի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ու ամենօրյա ախտահանում իրականացվել դեռ մեկ շաբաթ առաջ:

Էջմիածնում շարունակվում են փողոցների ախտահանման աշխատանքները, ջրցան մեքենայից բացի դիմել են ավելի հնարամիտ ու արդյունավետ միջոցի՝ տրակտորին կցելով ջրցան ցողաշիթեր: Անվտանգության նկատառումներով Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման մեկ պատուհան կոչվող սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և  միաժամանակ զգուշացնում քաղաքացիներին՝ տանից դուրս գալ և քաղաքապետարան գնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button