ԿարևորՀասարակություն

Ինչու՞ չկասեցվեցին երեկ 5 համայնքներում նշանակված ընտրությունները

Երեկ Հայաստանի հինգ համայնքում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Այդ համայնքներից 4-ում կայացել են հերթական ընտրությունները, իսկ մեկում՝ արտահերթ։

Կորոնավիրուսով պայմանավորված այս 5 համայնքների ընտրությունները ԿԸՀ-ի կողմից չեն չեղարկվել կամ հետաձգվել, քանի որ նման մեխանիզմ առկա չէ եւ ԿԸՀ-ն չէր կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը։ Այս մասին պարզաբանել են ԿԸՀ-ից։

Երկու օր առաջ ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց՝  տեղեկացնելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնժողովի անդամների, ինչպես նաև տեխնիկական սարքերը սպասարկող մասնագետերի համար նախատեսված դասընթացների օրերը տեղափոխվել են: Այս հետաձգումը պայմանավորվել էր կորոնավիրուսով։

Թե ինչո՞ւ երեկվա ՏԻՄ ընտրությունները չհետաձգվեցին, այն դեպքում, երբ մասայական միջոցառումները կորոնավիրուսի տարածումը հնարավորինս կանխարգելելու նպատակով չեն խրախուսվում, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ըստ այդմ՝ ընտրությունը նշանկաված է օրենքով եւ այն կանգնեցնելու որեւէ լիազորություն ԿԸՀ-ն չունի: Տիգրան Մուկուչյանը միաժամանակ հավելել էր, որ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվել են։

«Երեք համայնքում մեկ թեկնածու է: Տարածքային հանձնաժողովի անդամներն այնտեղ են, կազմակերպված է այնպես, որ ընտրողները մեկ-մեկ կամ առավելագույնը երկու հոգով մտնեն տեղամաս, քվեարկեն դուրս գան: Նաեւ ախտահանիչ միջոցներ են կիրառվում»,- ասել էր ԿԸՀ նախագահը։  

Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն համայնքներում երեկ համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների քվեարկություններն էին, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում՝ արտահերթ։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ հիշյալ համայնքներում ընտրողների թիվն ընդհանրապես մեծ չէ։

Բացի այդ, բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվել են ախտահանող նյութերով, հատուկ միջոցներով, որ ախտահանվեն քվեարկության սենյակները, ինչպես նաև բանավոր ցուցումներ տրվել էին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, որպեսզի թույլ չտան քվեարկության սենյակում միաժամանակ երկուսից ավելի ընտրողների առկայություն։ Բացի այդ, նաեւ ցուցում էր տրվել, որ քվեարկության սենյակից դուրս ընտրողների հերթեր չգոյանան, մարդկանց կուտակումներ չլինեն։ Այդյո՞ք  կա տեղեկություն, որ այդ ցուցումները պահպանվել են։ Հատկապես ընտրողների ամենամեծ քանակն ունեցող Ագարակի մասով Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ դրանք իրականացվել են։

Արմեն Սմբատյանը նաեւ  տեղեկացրեց, որ 5 համայնքներից երեքում՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Նահապետավան եւ Տուֆաշեն համայնքներում համայնքապատերի մեկական թեկնածուներ են մասնակցել։ Փորձն էլ ցույց է տալիս եւ այդպես էր նաեւ այս անգամ՝ ոչ մրցակցային նման ընտրություններում ընտրողների մասնակցությունն էլ առանձնապես մեծ չէ։

Այսպիսով, հանրապետության 5 համայնքում երեկվա ՏԻՄ ընտրությունների քվեարկությունները կայացել են, իսկ ընտրությունների արդյունքները, համաձայն օրենքի, կամփոփվեն քվեարկությունից հետո 5-րդ օրը։

Կարդացեք նաև

Back to top button