ԿարևորՀասարակություն

«Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակիցներն ինքնամեկուսացվել են

Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու համար՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության, Առողջապահության նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։ Այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ ու անխափան օդային երթևեկության կազմակերպման համար, ամբողջ ծավալով շարունակում է կատարել իր պարտականությունները»,- հայտնել է նա։

Ավինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաէրոնավիգացիայի բոլոր 75 աշխատակիցներին՝ արիության, քաղաքացիական բարձր գիտակցության ու պատասխանատվության համար։

Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում:

Կոմիտեից հայտնում են, որ մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սննդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։

Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:

Կարդացեք նաև

Back to top button