
Մեր օրերում Հայաստանի սահմանամերձ հակամարտող վայրերում հաճախադեպ կրակոցներն ու առ Աստված աղոթքները վաղուց արդեն միաձուլված են, դարձել են պարզապես բնակիչների առօրեական կենսակերպը։
Հենց դա էր, թերևս, մտավախությանս միակ պատճառը, որ 3.5 ժամ տևողությամբ ուղևորությունս դեպի Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղ անցնում էր փոքր– ինչ լարված ու անհանգիստ։ Մանավանդ, որ այդ օրը՝ վաղ առավոտյան, Այգեհովիտ գյուղում կանխվել էր դիվերսիոն խմբի հերթական ներխուժման փորձը։ Իրոք, ճանապարհը թվում էր անվերջանալի։

Սակայն 240 կմ հեռավորությունը վերջապես բարեհաջող հաղթահարեցինք առանց արկածների։ Միանգամից խոստովանեմ, որ ճանապարհին կուտակված լարվածությունն ու անասելի հոգնածությունը քիչ անց անցյալում էին արդեն, երբ հանդիպեցի սահմանապահ 7 գյուղերի քահանա տեր Աբել Քարտաշյանին։
Հաղթանդամ տղամարդ, որ, ինչպես ինքն է ասում, ժամանակին Տավուշի մարզ սպասավորելու է եկել Աստծո առաջնորդությամբ, հոգու կանչով, և հիմա սահմանը պահող յուրաքանչյուր զինվորի, գյուղացու դարդ ու ցավը և ուրախությունը համարում է իրենը։
Բայց այս մասին քիչ հետո։ Հատկանշական է, որ առաջին անգամ սահմանապահ գյուղ ոտք դնողի հոգեվիճակին լավատեղյակ քահանան մտերմիկ զրույցին անցնում է միայն վեհաշուք եկեղեցում աղոթքի յուրահատուկ ծիսակարգից հետո։
Այնուհետև, տեր Աբելենց տուն գնալիս, պատահաբար սահմանապահների հերթափոխի հանդիպեցինք։ Այստեղ էլ քահանայի օրհնությունը չուշացավ․ պարզվեց դա պարտադիր–սովորականների շարքից էր։

Իմ ուղևորության նպատակի մասին զրույցն սկսվեց Մեծ պահքին վայել հատուկ ուտեստներով լի օրհնված սեղանի շուրջ։
«Երբ որ քահանայության ձեռնադրվելու ժամանակ տղաներով զրուցում էինք, միասին օծակից ընկերներով, բոլորն ասում էին, թե ես որտեղ եմ ցանկանում նշանակվել։ Ես ասում էի, որ Տավուշ եմ գնալու։ Մի տեսակ համոզմունք կար մեջս։ Ու ստացվեց այնպես, որ Վեհապառ հայրապետը , երբ նշանակումներն անում էր՝ հարցրեց տե՛ ր Աբել կուզե՞ս Տավուշ գնալ, ասեցի՝ իհարկե»,- պատմեց քահանան։
Մոսկվայում թողել է բիզնեսն ու տարիներ առաջ բռնել հայրենի սահմանապահ գյուղերի ճամփան։ Մեր զրույցի ընթացքում նկատեցի, որ հոգևորականն ունի, այսպես ասեմ, աշխարհիկ հումորի նուրբ զգացողություն։ Մովսես գյուղ ընտանիքով գալու որոշման մասին հումորով է պատասխանում։
«Ես խաբար եմ։ Աստված էր տեղյակ։ Աստծու ծրագրի մեջ , որ հայտնվում ես, չգիտես ոնց ես հայտնվում, ուր ես գնում, ինչ ես անելու։ Շատ կարևոր իրականություն կա։ Քահանայության մեջ չէի պատկերացնում, որ այսքան ուրախություն կա։ Քահանայության ամբողջ նպատակն ու իմաստը դիմացինի կյանքով ապրելու այդ նուրբ արվեստն է։ Գալու միախառնվելու դիմացինի կյանքին այնպես, որ դու օտար մեկը չլինես»,– նշում է տեր Աբելը։

Իսկ կինը՝ Արմինե Գրիգորյանը, պահ անգամ չի երկմտել, չի վարանել սահման տեղափոխվելուց։ Չի քննարկել ամուսնու՝ սահմանապահ գյուղ նախընտրելու որոշումը։ Ամուսնու դեռ ուսանելու տարիներից է պատրաստվել գյուղում ապրելուն։
«Երեք երեխա ունենք։ Տղաս ուսուցիչ է սահմանապահ Չինարիում, մի աղջիկս աշխատում է Երևանում, իսկ մյուսը՝ մեզ մոտ է։ Ինչ խոսք` առաջին հայացքից դժվար է պատկերացնել Երևանից հետո սահմանապահ գյուղ գալը։ Բայց քանի որ մենք ամբողջ ընտանիքով ընտրել էինք հոգևոր կյանքը, դրա համար ինձ համար հեշտ եղավ։ Տեր հոր ուսանող տարիներից այդ պատրաստություններն իմ մեջ գնում էր։ Ես գիտեի, որ մայրաքաղաքի այդ կյանքը պետք է թողնեմ, տեղափոխվեմ, սակայն այն ժամանակ անորոշ էր։ Անկեղծ ասած միշտ ուզել եմ, որ Հայաստանում լինենք, թե որ անկյունում, այնքան էլ չի հետաքրքրել»,– անկեղծանում է քահանայի կինը։
Նարեն կրակոցի ձայն առաջին անգամ լսել է Մովսեսում։ Վախը միայն այդ ժամանակ է եղել։ Հասցրել է սովորել։ Մեկ է, Մովսեսում խաղաղություն է, ու այդ խաղաղությունը չի փոխի մայրաքաղաքի աշխույժ կյանքի հետ։

«Երբ տեղափոխվեցինք Մովսես, չգիտեի, որ ուսանողները ուսանելու համար պետք է գնան Երևան։ Ու երբ արդեն հասել է պահը ու գիտեմ, որ դա ինձ էլ սպասում, մի քիչ տհաճ է։ Գյուղի կյանքը հաճելի է։ Հիմա կա այդ զգացողությունը, որ պետք է տեղափոխվեմ Երևան ու չեմ պատկերացնում, թե ոնց եմ էլի Երևանում ապրելու։ Այստեղի հանդարտությունն ու խաղաղությունը թողնելը դժվար է։ Երևանը իմ համար արդեն շատ աղմկոտ է, խառը, բոլորը միշտ վազքի մեջ են։ Երևի կհարմարվեմ»,– պատմում է քահանայի դուստրը՝ Նարեն։
Սահմանապահ գյուղի առօրյա հոգսերին ու դժվարություններին արդեն հարմարված տեր Աբել Քարտաշյանին այժմ անհանգստացնող, թերևս, միակ գերխնդիրը։
«Խոպանչի տերմին կա, որն ինձ միշտ խորթ է եղել։ Ընտանիքի հայրը պետք է ընտանիքում լինի։ Ժողովրդի մեջ դաստիարակության շատ մեծ սղություն կա։ Հայրիկները տանը չեն։ Մանկապարտեզներում հայրիկներ չկան, դպրոցներում տղամարդ ուսուցիչ չկա։ Սարսափելի խնդիր է սա, որը մենք չենք տեսնում։ Մայրիկների քնքշությունը սիրում եմ, հարգում եմ, բայց տղամարդու դաստիարակության կարևորությունը շատ բարձր է։ Եվ այսպիսով ամբողջ կյանքս նվիրեցի Աստծուն»,– նշում է քահանան։

Հրաժեշտից առաջ երաժիշտ հոգևորականը ձեռքն առավ թառը, որն իր համար Թուրքիայից բերել էր եղբայրը։ Ասում է՝ յուրաքանչյուր գործիք էլ հայկական է դառնում, երբ դրանով հայկական մեղեդիներ են հնչում։




