
Կորոնավիրուսն իր ազդեցությամբ նաև տնտեսական ռիթմն է դանդաղեցրել ու եթե դրա մասշտաբները Հայաստանում մեծանան, ապա դա նաև աշխատուժի լուրջ խնդիր է առաջացնելու։
Այս մասին այսօր նկատել է Հայաստանի գործատուների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ խոսելով տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունների մասին։
Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն էլ նկատել է, որ շատ տնտեսագետներ են ազդարարում համաշխարհային ճգնաժամի սկիզբը։ Նրա խոսքով, կորոնավիրուսի տարածման հետևանքով շատ երկրներ միմյանց հետ սահմանները փակեցին, ինչն էլ համաշխարհային տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցավ։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատեց, որ Հայաստանում փոքր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են Իրանից և Չինաստանից բերված ապրանքները վերավաճառելով։
Իրանը և Չինաստանն արտաքին առևտրի երկու կարևոր, խոշոր պետություններ են։ Արտաքին առևտրի ընդհանուր ծավալների մեջ Հայաստանի համար կազմում են մոտ 9 տոկոսը և նրանց բաժին է ընկնում ավելի քան 560-580 մլն դոլար տարեկան շրջանառությամբ, հետևաբար երկու երկրների կորոնավիրուսով վարակվածությունը կարող է ստեղծել մատակարարման խզումներ և այդ երևույթը, ըստ տնտեսագետի, աստիճանաբար նկատելի է։
Տնտեսագետը մտավախություն հայտնեց, որ տնտեսական առումով կորոնավիրուսն էական ազդեցություն կարող է ունենալ թե՛ քաղաքացիների գրպանի համար, թե՛ փոքր բիզնեսի տեսանկյունից։

«Հիմա այդ խավը ավելի տուժելու է հենց այդ նույն մատակարարումների՝ Իրանի, Չինաստանի և այլ՝ տուրիզմի հետ կապված պատմությունների պատճառով, որովհետև հատկապես հենց այդ կատեգորիան է բիզնեսի ներառված ծառայությունների, փոքր արտադրությունների, վաճառքի, տնայնագործական և այլ տեսակի բիզնեսների մեջ։ Նրանց եկամտաբերությունը ավելի կնվազի, նրանք ավելի կաղքատանան։ Դա մի գործոն է, որ մուլտիպլիկատիվ ընդհանուր էֆեկտով կազդի, ակտիվությունը կընկնի, երկրորդը միգրանտների տրանսֆերտները, որոնք մտնում էին տնտեսության մեջ, ծախսվում էին, կարող է էական նվազեն եւ երրորդը, որ ընդհանուր տնտեսական ակտիվությունն է նվազելու, իջնելու է ավելի պասիվ ռեժիմի»,– ասաց տնտեսագետը։
Այնուամենայնիվ, ըստ Գագիկ Մակարյանի, մենք, այսպես ասած, «մինուսավոյ» ռեժիմի չենք գնա, ինչպես եղավ 2014 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ պաշտոնապես արձանագրվեց -14.6 տոկոս։
«Կարծում եմ, «մինուսավոյ» չենք գնա, բայց կարծում եմ, որ տնտեսական ցուցանիշը կարող է կիսվել՝ երկու անգամ նվազել»։
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, եթե հիվանդությունների քանակը աճի Հայաստանում, ապա չի բացառվում, որ պարենային կոլապս առաջանա, քանի որ նման խուճապ կա ամբողջ աշխարհում, եւ պետք չէ այդ առումով մեր ազգին քննադատել, որ ավելի խուճապի մատնվող է, քան ուրիշ ազգեր։
Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, մինչդեռ, չի կարծում, որ պարենային ճգնաժամ կլինի Հայաստանում, քանի որ խանութներն ունեն պաշարներ, որոնք մոտավորապես 1 ամսվա համար բավական են.
«Առկա պայմաններում նման վտանգ չկա, բացի այդ համաշխարհային առևտուրը կանգ չի առել։ Իրանից դեպի Հայաստան բեռները բերվում են»,– ասաց Միքայելյանը։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է, որ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված որոշակի լուրջ կանխարգելիչ քայլեր պետք է կատարի, որը նրա նրա ձևակերպմամբ, առայժմ հստակ նկատելի չէ։ խոսքով, մասնավորապես, մատակարարումների մասով պետք է հստակեցվեն, թե արդյո՞ք դրանք չեն կատարվում կորոնավիրուսի համար կրիտիկական շրջաններից։ Եթե կան այդպիսիք, ապա պետք է շատ արագ դադարեցվեն։ Մյուս կողմից էլ, նրա ձևակերպմամբ, պետությունը կարող է օգնել, որ դադարեցվող պայմանագրերը ֆինանսական հետևանքներ չունենան, քանի որ ֆորսմաժորային իրավիճակում ենք։
Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ հնարավոր տնտեսական ճգնաժամին դիմակայելուն Հայաստանը բավականին պատրաստ է, թեպետ կան բավականին ռիսկեր։
«Դրա հիմնական պատճառն այն է, որ 2014-ի համեմատ ավելի քիչ է կախումը տրանսֆերտներից, ավելի քիչ է արտաքին առևտրի բացասական տեմպը, և ավելի մեծ են ԿԲ պահուստները։ Սա թույլ է տալիս ՀՀ-ին դիմադրել այդ ճգնաժամին։ Բայց եթե խոսենք մի գործոնի մասին, ես կասեի՝ Հայաստանի տնտեսությունը կտուժի, բայց հետևանքը շատ մեծ չի լինի։ Այս պահին ռիսկերը անորոշ են»,–նշեց Հրանտ Միքայելյանն ու հավելեց, թե չի բացառում նաև, որ Հայաստանում վիրուսի տարածման հետ կապված շատ երկրներ Հայաստանի հետ սահմանը կփակեն։ Սրանք ռիսկեր են, որոնք բավականին մեծ են։




