ԿարևորՔաղաքական

«Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա». «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը շարունակվում է

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, կարելի է ասել, թեւակոխել է ակտիվ փուլ։ «Այո»-ի կողմն առավել ակտիվորեն է քարոզչություն իրականացնում, քան «Ոչ»-ի կողմը։ Վերջինս, ինչպես հայտարարվել է, հետեւելու է «Այո»-ի քարոզարշավի ընթացքում թույլ տրված օրինախախտումներին, արձանագրելու է դրանք եւ ներկայացնելու է հրապարակայնորեն, այդ թվում նաեւ՝ միջազգային ատյաններին։

Այդ առումով էլ «Ոչ»-ի կողմն արդեն մի քանի հայտարարություն է հրապարակել։ Երեկ էլ հայտարարվեց «Ոչ»-ի կողմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ստեղծման մասին, որտեղ էլ պաշտոնապես ներկայացվելու են «Ոչ»-ի շտապի տեսակետները, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա տարբերելու «Ոչ»-ի կողմնակիցների անհատական տեսակետները շտաբի միասնական դիրքորոշումներից։

Քարոզարշավի հերթական օրը «Այո»-ի կողմնակիցները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Վայոց ձորում են շարունակել քարոզարշավը։ Օրվա մեկնարկը տրվել է Ջերմուկ համայնքից։ «Ոչ»-ի կողմում էլ, կարծես, տակտիկան չի փոխվել՝ հետեւում ու արձանագրում են օրինախախտումները։  

Այսօր սահմանադրական հանրաքվեի ակտիվ քարոզարշավի երրորդ օրն է եւ «Այո»-ի շտաբը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Վայոց ձորում էր։ Քարոզարշավի շրջանակներում նրանք բացատրում էին քաղաքացիներին, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է ՍԴ ներկայիս  կազմը խանգարում մեր երկրի առաջընթացին։

«Դատական իշխանությունը դուրս է մնացել ժողովրդի քվեի շրջանակներից։ Ժողովուրդը չգիտի ոնց է ձեւավորվել Սահմանադրական դատարանը, չի հետեւել դրա ընթացքին, իսկ ՍԴ գործունեության ընթացքում բազմիցս բախվել է այդ ատյանի հարուցած խոչընդոտներին»,– ասել է Արման Եղոյանը։

«Ոչ»-ի քարոզչական կողմում չեն կիսում դիտարկումները, որոնցով գնահատական է տրվում իրենց, թե այնքան էլ ակտիվ չեն։

«Մեզնից ակնկալիքները, որ մենք պետք է բովանդակային քարոզարշավ իրականացնենք, չպետք է լինեն, մենք էդպիսի հանձնառություն չենք ստանձնել»։

«Ոչ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը հորդորում է, որ «Ոչ»-ի կողմին՝ նրա ռազմավարությունը եւ այլն, գնահատելիս, ընդհանրապես, նախ հաշվի առնել, թե ինչպես է ձեւավորվել «Ոչ»-ի կողմը.

«Մեր քարոզչական կողմը, ի տարբերություն հակառակ կողմի, քաղաքական միավոր չէ, քաղաքական հայտ չի ներկայացրել եւ այս հակասահմանադրական գործընթացում մենք հայտնվել ենք բացառապես այն պատճառով, որ քաղաքական ուժերը՝ այն ուժերը, որոնք դիրքավորվել են որպես ընդդիմություն իշխող քաղաքական ուժին, հրաժարվել են ստանձնել «Ոչ»-ի քարոզչության կողմի գործառույթը»,– ասում է Մելքոնյանը։

Թեկուզ եւ գործընթացը հակասահմանադրական է, բայց իրավաբանները պետական շահերից ելնելով չէին կարող թողնել, որ իշխող քաղաքական ուժն առանց վերահսկողության մնա՝ հավելեց Ռուբեն Մելիքյանը։ Բովանդակային քարոզչությունը կարող են իրականացնել քաղաքական ուժերը, իսկ իրենք շարունակելու են հետեւել «Այո»-ի քարոզչական ընթացքին եւ արձանագրել այն խախտումները, որոնք թույլ են տրվում՝ ասաց։ 

«Ամեն օր մենք խախտումներ ենք արձանագրում։ Ընդ որում՝ մեզ փոխանցված տեղեկատվության շատ փոքր մասն ենք մենք հրապարակում։ Սա հետաքրքիր ձեւաչափ է եւ կարծում եմ, որ այս ձեւաչափը, երբ որ մենք ավարտենք գործընթացը, կարող է նաեւ օրինակելի լինի այլ երկրներում, որտեղ որ իշխանությունը կոպիտ եւ հակասահմանադրական ճանապարհով փորձում է վերացնել իր հակասահմանադրական հակակշիռները»,– նշում է Մելքոնյանը։

Խախտումները բազմաթիվ են եւ ամենավատն այն է, որ իշխանությունները պատշաճ չեն արձագանքում եւ ամրանում է այն տպավորությունը, որ օրենքին առանձնապես ուշադրություն չեն դարձնում՝ ասում է Ռուբեն Մելիքյանը։         

«Այո»-ի հանդիպումներից մեկում, մինչդեռ, Լենա Նազարյանը հիմնավորեց, թե ինչո՞ւ հանրաքվե եւ ինչու՞ է պետք այդ հանրաքվեում անպայման «Այո» ասել առաջարկվող սահմանադրական փոփոխությանը։ 

«Մենք որոշել ենք, որ ժողովրդավարությունը պետք է հաստատենք բացառապես  ժողովրդավար եւ իրավական մեթոդներով եւ ճանապարհով։ Ինչ նկատի ունեմ. Օրինակ՝ մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկինների ազդեցություններից՝ տարածելով մեր ազդեցությունը դատական համակարգի վրա։ Խնդիրների արմատները շատ հաճախ իրավական դաշտում են։ Խնդիրների լուծումը շատ հաճախ դատավորների ձեռքում են։ Մենք պետք է ունենանք դատարաններ, որոնք լուծումներ կտան խնդիրներին եւ որոնց որոշումների վերաբերյալ արդարացիության հետ կապված հարցեր չեն առաջանա»,– ասում է Նազարյանը։  

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանում պետք է լինեն վստահելի ինստիտուտներ, ինչպիսին, նրա ձեւակերպմամբ, հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունն է եւ ԱԺ-ը։

«Եվ հիմա ժամանակն է, որ մենք ունենանք նաեւ վստահելի դատական համակարգ։ Էս հանրաքվեն նաեւ դրա մասին է։  Ուղղակի պրոբլեմ այն է, որ անընդհատ էս նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է եւ քանի դեռ  Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապես դատական համակարգի հարցը չլուծվի, նյարդային մթնոլորտը պիտի շարունակվի։ Որովհետեւ մենք ինչ դատական համակարգ ենք ուզում. մենք դատական համակարգ ենք ուզում, որ Ջերմուկի բնակիչները խնդիր ունեն, գնան դիմեն դատարանին եւ իրենց մոտ հարց չծագի՝ տեսնես էս դատարանը ո՞նց կորոշի եւ ում ազդեցությամբ։ Որոշի դատարանը եւ բոլորս էլ ասենք՝ դե, որոշել է դատարանը, ուրեմն ճշմարտությունը դա է։ Այսպիսի դատարան՝ սկսած ՍԴ-ից եւ մնացած բոլոր դատարաններից։ Որովհետեւ, ասում եմ, մենք, ես չեմ ուզում կրել նաեւ դատական համակարգի պատասխանատվությունը»։ 

Վստահություն, սակայն, չի լինի, քանի դեռ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից, ակնհայտորեն եւ բացահայտորեն ներգրավված են եղել տեղ-տեղ քաղաքական պրոցեսների մեջ՝ ձեւակերպեց Նիկոլ Փաշինյանը, ապա  նաեւ հայտնի ֆիլմը հիշելով կեսկատակ հիմնավորեց.

«Մենք ոչ թե ասում ենք, որ մենք ուզում ենք մտնել դատական իշխանության դաշտ, մենք ասում ենք՝ դատարանները թող քաղաքականությունից դուրս գան, գնան իրենց գործով զբաղվեն։ Ոնց որ կինոյում է ասում՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա», հիմա էլ՝ դատավոր…. ի՞նչ ենք ասում՝ «Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա, եթե ուզում զբաղվել պոլիտիկա», թող ազատի ՍԴ նախագահի աշխատասենյակը, գա ձեր առաջ կանգնի, էնքան պոլիտիկայով զբաղվի, ինչքան ուզում է։ Եվ մյուսները։ Ի՞նչ է նշանակում դատավորը լինի Քոչարյանի կողմնակից, Փաշինյանի կողմնակից …. դա աբսուրդ է։ Եթե որեւէ մեկը որեւէ մեկի կողմնակիցն է, ինքը կարող է ամեն ինչ լինել, բացի դատավորից։ Եվ մենք հիմա վստահաբար այդ պրոցեսը կտանենք եւ թացը չորից կտարբերակենք»։

Խորքային առումով Ամուլսարի խնդիրն էլ կապված է վստահելի ինստիտուտների հարցի հետ՝ Ջերմուկում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Պարզաբանեց նաեւ՝ նկատի ունի, որ պետք է վստահություն լինի, որ ինստիտուտները հաշվի են առել բոլոր փաստարկները։ Ամուլսարի հարցում էլ միակ շահագրգռությունը Հայաստանի շահն է լինելու մինչեւ վերջ՝ վստահեցրեց նա։   

«Ոչ»-ի քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը, սակայն, կարծում է, որ այս ընթացքում հասարակությունը բազմաթիվ առիթներ է ունեցել տեսնելու իշխող քաղաքական ուժի կողմից անսկզբունքայնություն եւ սեփական խոստումները կատարելու անկարողություն։

Կարդացեք նաև

Back to top button