ԿարևորՀասարակություն

Ո՞րն է վարակի տարածումը կանխարգելելու լավագույն տարբերակը. նախարարի պարզաբանումը

Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակի երեք նոր դեպք է արձանագրվել  Հայաստանում։ Վարակակիրները  ժամանել են Իտալիայից և հոսպիտալացվել են։ Կառավարությունն  այսօր անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի իրավիճակին։   

Հայաստանում  կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք  է  արձանագրվել։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ խնամառուները   հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոց:  Երեք վարակակիրները  ժամանել են Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ՝ թե տնային այցերի, թե՛ մասնագետների հետ  հեռախոսային կապի միջոցով։ 

« Պացիենտներից երեքն այս պահին որևէ սիմպտոմ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն։ Միայն մեկն այս պահին ունի  գանգատ և աջակողմյան բազալ թոքաբորբ։ Նա ջերմում է և ստանում է սիմտոմատիկ  բուժում։ Մնացած խնամառուները  որևէ բուժում  չեն ստանում»,- ասաց Թորոսյանը։  

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում պացիենտների հետ  կոնտակտի մեջ եղած  անձինք հայտնաբերվել են։ Կորոնավիրուսով 3 խնամառուի հետ շփված 10 մարդ կարանտինային մեկուսացման մեջ է Ծաղկաձորում, որտեղ մեկուսացված են ևս 31 հոգի։

«Ինչպես նաև իրականացվել են  մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում։  Մեծաթիվ մարդկանց   մեկուսացում է եղել։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում նրանց միջից ևս մեկուսացումներ լինեն»,– հավելեց նախարարը։ 

Այս հայտարարությունից հետո, նախարարը այնուհետև գրեց, որ   կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է։ Մեկուսացված է 57 հոգի։

Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու  չեն մեկուսացնում ռիսկային երկրներից ժամանող բոլոր ուղևորները։ Ասել է, որ  վարակի տարածումը կանխարգելելու լավագույն տարբերակը   դեպքը վաղ հայտնաբերելը, թեստավորելը,  կոնտակտավորների  շրջանակը պարզելն ու  փոխանցման ուղին կտրելն է, վստահեցրել է, որ դրանից ավել բան որևէ վարակիչ հիվանդության ժամանակ չի արվում։    

Մարտի 15–ին հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝  այս թռիչքի վերաբերյալ կանցկացնեն փակ քննարկում՝  վարակի հնարավոր ներթափանցման կանխարգելիչ քայլերը  հասկանալու համար։

Իսկ սահմանային անցակետերում  ուժեղացված հսկողությունը շարունակվում է, վստահեցրեց   վարչապետի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Անկախ ուղղությունից` բոլոր ուղևորներն այսուհետ  լրացնելու են հասցեական քարտեր։

« Այսօր առավոտյան  6300 հասցեական քարտ է լրացվել։ Հսկողությունը շարունակվում է նաև  ցամաքային մասով  և մնացած անցակետերի մասով։ Ընդհանուր առմամբ` հունվարի 24–ից  մինչև այսօր  3841  լրացված քարտ կար, որոնք լրացվում էին   ուղղակի ռիսկային գոտիներից»,– ասաց Ասոյանը։  

Իսկ կրթօջախներում դասերը հետաձգելու  կամ քարոզարշավը դադարեցնելու որոշումներ դեռևս չկան։ Դրանք ընդունվում են օրական  ռեժիմով և հնարավոր է, որ ցանկացած պահի  այլ որոշում կայացվի։

«Չի բացառվում, որ  որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում և  հանրային հավաքների հետ կապված: Մենք բազմիցս նշել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է և որևէ  քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման  որոշումներ կայացնելուց։ Որոշումները կկայացվեն և դրանց մասին  հանրությանը կտեղեկացվի»,- նշեց ԿԳ նախարարը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է հետևել պաշտոնական աղբյուրներին: Նախարարը գրել է , որ այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս մեր աչքի առաջ է: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Իսկ քաղավիացիայի կոմիտեից «Ռադիոլուրին» ասացին, որ  առողջապահության նախարարությունը, եթե հարկ համարի որևէ ուղղության չվերթները կասեցնել, ապա կառույցը  կզբաղվի դրանով։

Կարդացեք նաև

Back to top button