ԿարևորՀասարակություն

Զբոսաշրջությունը գրավիչ դարձնելու ուղիներ՝ Թեղենիքում

Գյուղական զբոսաշրջությունը գրավիչ դարձնելու ուղիներ են փնտրում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում, որտեղ արդեն ձեռնարկվել են որոշակի քայլեր: Գյուղն աչքի է ընկնում անարատ գյուղմթերքով, մաքուր օդով և պատմամշակութային վայրերով: Զբոսաշրջիկների համար կառուցվել է նաև 3 հյուրատուն, 3-ն կկառուցվի այս տարի, ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները:

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի աշխարհագրական դիրքը, անապակ բնությունն ու մոտակա հնավայրերի առկայությունը նախադրյալներ են տուրիզմի զարգացման համար: Գյուղն առայժմ ճանաչելի է Սրբոց Նահատակաց եկեղեցով, որը 2000թ-ից 2003թ նախաձեռնել ու կառուցել է երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, ում աճյունը  հանգչում է եկեղեցու բակում: Այստեղ յուրաքանչյուր կիրակի պատարագ է մատուցում հոգևոր հովիվ Համազասպ քահանա Հագեյանը.

«Հավատացյալ ժողովուրդն ամեն կիրակի գալիս է, գյուղն ունի մոտ 600 բնակիչ, այս թվի համեմատ հարմար է, բայց ամռան շրջանին ավելի շատ են գալիս»:

«Մարդիկ արդեն զգում են, որ հավատքը պետք ա մարդուն, պտի էդ հավատքը պահպանեն, երիտասարդությունը, փառք աստծու, գալիս են, ես  10 տարին լրացել է, որ մոմավաճառություն եմ անում»,- ասում է եկեղեցու տարեց  մոմավաճառ Վոլոդյա Ասատրյանը:

Սրբոց Նահատակաց եկեղեցին Թեղենիքի խորհրդանշանն է, այն գտնվում է գյուղի սկզբում Արզական Թեղենիք ճանապարհի մոտ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի  դիտարկմամբ հանգստյան օրերին այստեղ ավելի շատ մոմ է վաճառվում, այսինքն՝ զբոսաշջիկները հասնում են եկեղեցի, բայց գյուղ չեն մտնում.

«Հիմա մեր խնդիրն է տուրիստներին կեցավայր ապահովել և 1-2 օրյա կանգառ ապահովել հենց այս գյուղում, որը զարկ կտա ներքին ձեռներեցությանը, այդ թվում նաև սպառումային շուկային, արտադրությանը, ինչպես նաև մի քանի հյուրատների կառուցմանը, որոնք այս պահին նախագծման փուլում են»:

Գյուղում արդեն 3 հյուրատուն կա: Թեղենիքի գրավչություններից մեկն էլ հին բնակատեղին է, մոտակա  Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանքը կամ կույս Վառվառայի քանձավային մատուռը,  իսկ Ծաղկունյաց լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա հայտանաբերվել են  ք.ծ.ա. 8-9 դդ Թղիթ ամրոցի ավերակները, որին նաև անվանում են Աշոտ Երկաթի բերդ:

Թեղենիքը զբոսաշրջիկներին գրավելու համար սկսել են ճանապարհների նորոգումից: Անցած տարի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է գյուղի  մի փողոցը ՝ շուրջ 1000 քմ մակերեսով, 350մ երկարությամբ, որի արժեքի 55 տոկոսը վճարել է համայնքը, 45 տոկոսը՝ պետությունը: Այս տարի էլ է շարունակվելու ասֆալտապատումը:  Համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանն ասում է՝ թեև   համայնքի բյուջեն փոքր է, բայց այս գործում  օգնել են արտերկրում ապրող իրենց համագյուղացիները:

Գյուղում սկսել են օրգանական գյուղմթերքի  մշակումը, հիմնել են ինտենսիվ այգիներ: Ռադիկ Խաչատրյանի սալորի ու խնձորի այգիները բացառապես օրգանական են, պարարտացնում են  կալիֆորնիական որդերից և գոմաղբից պատրաստված կենսահումուսով, բուժում՝ բնական միջոցներով.

«Քիմիական պարարտացում չի գնում, միշտ գոմաղբով, օրգանական պարարտանյութերով ենք մշակում, բուժումը՝ աղացած պոմիդորի, սխտորի, քացախի միջոցով ենք անում, Սերտիֆիկատ ունենք օրգանական մշակության համար»:

Յուրաքանչյուր տնտեսության տնամերձում պտղի այգիներ են և քանի որ հողը էռոզիայի չի ենթարկվել, գյուղացիները պարարտանյութին փող չեն տալիս, գոմաղբով են հարստացնում: Զբաղվում են նաև հատապտղի մշակությամբ:  Գյուղում ապրող յուրաքանչյուր տնտեսություն անասուն է պահում: Արաքսյա Հովհաննիսյանն ասում է ամեն ինչ պահում են, մսամթերքն ու կաթնամթերքն իրացնում են մայրաքաղաքում:

Այստեղ պահպանվել է նաև  թոնրով լավաշ թխելու սովորույթը, խմորը շաղում են թթխմորով, թոնիրն էլ ցախով են վառում:

Մանյա Դարբինյանն ասում է՝  այս տեսակ թխած հացի համն ուրիշ է․ «Երիտասարդները թոնրով հաց չեն թխում, գնում են հեշտ կյանքի, թոնիրը վնասում է դեմքը, բայց մեր պապերը, որ առողջ են եղել այ սրա շնորհիվ է՝ արդար կավի վրա թխած արդար հաց: Ալյուրը տնից է, խմորն էլ՝ թթխմորից»:

Թեղենիքը դատարկվելու փոխարեն կարող է դառնալ գյուղական զբոսաշրջության կենտրոն, իսկ զբոսաշրջիկներն այստեղ կարող են վայելել գյուղի անարատ մթերքն ու նպաստել գյուղացու արտադրանքի իրացմանը: 

Կարդացեք նաև

Back to top button