
Չինաստանն Իտալիային կտրամադրի մարդասիրական օգնություն ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին՝ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոյի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:
«Այս պահին Չինաստանը դեռևս ունի բժշկական պարագաների լուրջ կարիք, բայց, հաղթահարելով բոլոր դժվարությունները, մենք կհատկացնենք դիմակներ և այլ բժշկական պարագաներ Իտալիային, ինչպես նաև կմեծացնենք այն նյութերի և սարքավորումների մատակարարման ծավալները, որոնց կարիքն ունի Իտալիան», — ասել է Վանգ Յին. Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Չինաստանը պատրաստ է նաև մասնագետներ ուղարկել, որոնք կօգնեն Իտալիային համաճարակի դեմ պայքարում:
Ըստ «Սինխուա»-ի՝ Դի Մայոն հեռախոսազրույցում ասել է, որ Իտալիան բախվում է բժշկական պարագաների և սարքավորումների պակասի, ինչպես նաև այլ խնդիրների հետ: Նա հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի այս արտակարգ իրավիճակում:
Եվրոպական երկրներում կորոնավիրուսի ամենամեծ բռնկումը Իտալիայում է գրանցվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ այնտեղ դեպքերի թիվը գերազանցել է 9 հազարը, մահացել է ավելի քան 400 մարդ: Երկրի իշխանությունները արգելել են բոլոր հասարակական միջոցառումները, փակ են դպրոցները և համալսարանները, ինչպես նաև սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը ողջ երկրում:




