ԿարևորՏնտեսական

Ռուբլին կտրուկ արժեզրկվել է․ ինչպես դրան կարձագանքի դրամը

Կորոնավիրուսի պատճառով առանց այդ էլ թուլացած ռուսական  արժույթը OPEC-ի և Ռուսաստանի միջև սկիզբ առած տարաձայնությունների պատճառով երեկ լուրջ  հարված ստացավ․ միջազգային շուկաներում նավթի գինը մեկ օրում նվազեց  25 տոկոսով: Սև ոսկու միջազգային գները շարունակում են անկում ապրել նաև այսօր։ Դա տեղի է ունենում, քանի որ նախորդ շաբաթավերջին նավթ արդյունահանող պետությունների ընկերակցությունը՝ OPEC-ը և Ռուսաստանը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ վառելիքի արդյունահանման ծավալների համաձայնեցված նվազեցման և գների անկումը կանխելու շուրջ:

Մոսկովյան բորսան երկուշաբթի՝ հանգստյան օրվա ավարտից հետո այսօր առավոտյան բացվել է ռուբլու կտրուկ գնանկմամբ․ դոլարը վաճառվել է 72,8 ռուբլով, եվրոն՝ 82,5-ով։ Ինչպես նշվում է, դա ամենացածր ցուցանիշն է վերջին չորս տարվա մեջ:

Փորձագետները նշում են, որ այսպիսի գնանկում վերջին անգամ վառելիքի շուկայում արձանագրվել էր երեք տասնամյակ առաջ՝ 1991-ին` Պարսից ծոցում սկսված պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է դրամ–ռուբլի փոխարժեքին, ապա, եթե 2020–ի հունվարին մեկ ռուբլին առավելագույնն արժեր 7,8 դրամ, այսօրվա լավագույն փոխարժեքը  6,7 է։

Տնտեսագետ, Acses վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն ասում է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը մի քանի ուղղությամբ բացասաբար կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա։

«Հայաստանը դեռևս բավականին մեծ քանակի դրամական փոխանցումներ է ստանում արտասահմանից, այդ թվում՝ Ռուսաստանից, և այդ փոխանցումների մեծ մասը ռուսական ռուբլով է իրականացվում։ Ռուսական ռուբլու 10–14 տոկոս արժեզրկումը նշանակում է, որ մեր այն քաղաքացիները, որոնց եկամուտները ձևավորվում են ռուբլով, նրանց գնողունակությունը կընկնի 10–14 տոկոսով»,- ասում է տնտեսագետը։

Տնտեսագետի խոսքով՝ վնասներ կկրեն նաև հայաստանյան այն արտահանողները, որոնց արտադրանքը սպառվում է ռուսական շուկայում։ 2019 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 27,8 տոկոսը, ինչը կազմում է 735 մլն դոլար։ Այդ գումարի 65–70 տոկոսը շրջանառվում է ռուսական ռուբլով։ «Եթե տեղի է ունենում ռուսական ռուբլու արժեզրկում 10–14 տոկոսի չափով, ապա մեր արտահանողների եկամուտները նույնքան կկրճատվեն, ինչը բացասական կազդի նրանց գործունեության վրա»,– նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ ռուսական ռուբլու արժեզրկումը կասկածի տակ կդնի նաև տնտեսվարողների մրցակցային առավելությունները ռուսական շուկայում, հատկապես, երբ, ռուսական շուկայում հայ արտադրողները մրցակցում են Ռուսաստանի տեղական արտադրողների հետ։ 

Ռուբլու անկումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հետխորհրդային այն երկրներում, որոնց բյուջեն նավթային եկամուտներն են ձևավորում։

Ադրբեջանի բնակչության շրջանում խուճապ է սկսվել, արտարժույթի համար հերթեր են գոյացել, բանկերը սահմանափակել են վաճառքը:

Ղազախստանում ևս ազգային արժույթը կտրուկ անկում է ապրել․ արտարժույթի փոխանակման կետերում դոլար և եվրո չեն վաճառվում: Երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը հակաճգնաժամային շտաբ ստեղծել՝ թենգեի կայունացումն ապահովելու համար:

«Ադրբեջանի իրավիճակն  էականորեն տարբերվում է մեր իրավիճակից, քանի որ Հայաստանի առնչությունը նավթին ու նավթի գնի անկմանը դրսևորվում է անուղղակիորեն՝  ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ պետական բյուջեի եկամուտների մեծ մասը ձևավորվում է հենց նավթային եկամուտների հաշվին։ Մեր տնտեսության վրա այս իրավիճակն ազդում է միջնորդավորված»,– ասում է Հայկազ Ֆանյանը։

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ հայկական  դրամը ղազախական տենգեի և ադրբեջանական մանաթի համեմատ ավելի կայուն վարքագիծ է դրսևորում, ավելի վստահելի արժութ է։

Տնտեսագետը չի  բացառում, որ նավթի միջազգային շուկայում հետագա զարգացումներով պայմանավորված՝ դրամը ևս կարող է շոշափելիորեն արժեզրկվի։ Դա նաև կախված կլինի Կենտրոնական բանկի քաղաքականությունից։ «Կարծում եմ՝ Կենտրոնական բանկը շատ ավելի պրոֆեսիոնալ դուրս կգա իրավիճակից, ինչպես դա եղավ  2014 թվականին»։

Կարդացեք նաև

Back to top button