
Հակամրցակցային համաձայնությո՞ւն, գերիշխող դիրքի չարաշահո՞ւմ, թե՞ գերարտադրություն․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է ձվի շուկան՝ գնանկման պատճառները պարզելու համար։
Հանձնաժողովում պատկերը գրեթե պարզ է, բայց սպասում են նաև տնտեսվարողների բացատրությանը։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնի նվազումը պայմանավորում է գերարտադրությամբ։
Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի որևէ ապրանքային խմբում աննախադեպ գնանկում արձանագրվեց։ Ձվի գինը 60 դրամից իջավ մինչև 14 դրամ։ Գնանկումը գրավեց բոլորի, այդ թվում հակամենաշնորհային պետական մարմնի` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը։ Ուսումնասիրել են ձվի շուկայում գրանցված գնանկումը, ծավալներն ու պատճառները․
«Տնտեսվարող սուբյեկտները գնի անկումը պայմանավորում էին ձվի արտադրության ծավալներով։ Մենք փորձել ենք նաև դա արձանագրել, հասկանալ, թե ինչքան ձու կա պահեստում։ Ամենացածր գինը, որ արձանագրվել է դիտանցման արդյունքում, 14 դրամն է», –ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Հանձնաժողովն ունի ձվի ինքնարժեքի հաշվարկի իր ցուցիչը։ Պատկերը գրեթե պարզ է, բայց սպասում է նաև տնտեսավարողների բացատրությանը։
«Աշտարակ ձու» ընկերության վաճառքի գծով ղեկավար Արմեն Գալստյանի խոսքով՝ մոտ չորս օր առաջ հավկիթ են արտահանել․ «30 դրամով խանութներում ձու է վաճառվում։ Ձվի գինը կախված է պահանջարկ–առաջարկ հարաբերությունից։ Արտահանում է տեղի ունեցել մեծ խմբաքանակով։ Արտահանել ենք ՌԴ։ Առաջիկայում նույննպես արտահանելու ենք»։
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնի նվազումը գերարտադրությամբ է պայմանավորում։ Նրա խոսքով՝ շուկա մուտք է գործել մասնագիտացված երկու նոր ընկերություն։ Նրանք նախկինում նույնպես այս շուկայի մասնակիցներ էին, սնանկացման պատճառով դուրս մղվեցին, հիմա նորից շուկայում են։

«Ամենակարևորը, որ փոքր ֆերմերային տնտեսությունների թիվն է ավելացել՝ մոտավորապես երեք անգամ։ Ձվի քանակը նախատեսել էինք 2 տոկոս ավելի, սակայն ավելին եղավ։ Օրվա կտրվածքով մենք 480 արկղ ձու ավել ենք արտադրել»,– ասաց Ստեփանյանը։
2018թ. համեմատությամբ` ձվի շուկայում աճել են ինչպես արտադրանքի, այնպես էլ իրացման ծավալները` տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Մասնավորապես, 2018թ. արտադրվել է ավելի քան 214 մլն ձու, իրացվել է 208.5 մլն–ը, 2019թ. արտադրվել է 251 մլն ձու, իրացվել է 241 մլն–ը։ Նրա խոսքով՝ 2019թ. սեղանի ձու Հայաստան չի ներմուծվել։ Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ տնտեսվարողների կողմից եղել են հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում, ապա նրանք կտուգանվեն՝ նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով։




